ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ԱԺ արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում անդրադարձել է «3+3» ձևաչափին, արձանագրել, որ Հայաստանին ներկայացվել են տարածաշրջանային գործակցության նաև այլ առաջարկներ, բայց դրանց վերաբերյալ դեռ վաղ է խոսել:
Փոխնախարարը վերահաստատել է, որ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո է հնարավոր հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման:
«Կա տարածաշրջանային համագործակցության մի քանի առաջարկ, և «3+3»-ը ձեր նշածներից ընդամենը մեկն էր: Մեզ անհրաժեշտ է միասնական դիրքորոշում որդեգրել բոլորի հանդեպ՝ առանց կանխակալ լավ կամ վատ վերաբերմունք ունենալու որևէ առաջարկի նկատմամբ:
Մեզ համար առաջնայինը Հայաստանի ազգային շահերի պաշտպանությունն է, վտանգների և ռիսկերի հաշվարկումը: Տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացի արդյունավետ իրականացումը հնարավոր է բոլոր դերակատարների կողմից կառուցողական դիրքորոշման ցուցաբերման և գործնական քայլերի իրականացման դեպքում:
Միաժամանակ հարկ է ընդգծել, որ այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և կենսական շահերի հաշվին»,- ասաց Գևորգյանը: