Կառավարության որոշմամբ Երևանի Կենտրոն, Ա.Մանուկյան փողոց 11 հասցեում գտնվող հողամասը նախատեսվում է նվիրաբերել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ին: Ֆեդերացիայի ներկայացրած գործունեության ծրագրի համաձայն՝ նշված հողամասում առաջարկում է կառուցել Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 10 տարվա ընթացքում՝ կատարելով 760 000 եվրոյի ներդրում, որից 160 000 եվրոն՝ կազմակերպության միջոցների հաշվին, իսկ 600 000 եվրոն՝ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության կողմից։
Գործադիրի մեկ այլ որոշմամբ ՀՀ սեփականություն հանդիսացող՝ Տավուշի մարզի քաղաք Իջևանում գտնվող վարչական շենքի 1-ին հարկից 10 155 000 ՀՀ դրամ շուկայական արժեքով 44.4 քառ. մետր մակերեսով տարածքը 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին: Նպատակը՝ մարզում «Ընտանիքի անկյուն» մարզային ռեսուրսային կենտրոն ստեղծելն է:
Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացրած ծրագրի հմաձայն՝ «Ընտանիքի անկյուն» մարզային ռեսուրսային կենտրոնում անցկացվելու են դասընթացներ, հանդիպում-քննարկումներ և միջոցառումներ՝ կանանց ու տղամարդկանց հանրային ընկալումները փոխելու, երեխաների խնամքի և ծնողավարության մեջ տղամարդկանց մասնակցությունը խթանելու վերաբերյալ:
Կազմակերպությունն ապահովելու է անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող տարածքի վերանորոգումը, կահավորումը և նյութատեխնիկական հագեցումը: Ծրագրի ավարտից հետո «Ընտանիքի անկյուն» մարզային ռեսուրսային կենտրոնը հանձնվելու է ՀՀ Տավուշի մարզպետարանի օգտագործմանը՝ որպես հարթակ համայնքում գործող պետական և հասարակական կազմակերպությունների կողմից տարբեր միջոցառումների անցկացման համար: