ԱՄՆ-ը չի փոխում իր դիրքորոշումը Սիրիայի հյուսիս-արևելքում «Ժողովրդավարական Սիրիայի ուժերի» հետ փոխգործակցության վերաբերյալ, որոնց հիմքը կազմում են քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը»: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին՝ մեկնաբանելով Թուրքիայի պահանջները, որ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի իր օգնությունը քրդերին, ինչպես նաև այդ շրջանում Անկարայի հնարավոր ռազմական գործողության մասին հայտարարությունները՝ փոխանցում է ТАСС-ը։
Նա նշել է, որ ԱՄՆ դիրքորոշումը և առաքելությունը Սիրիայում չեն փոխվել, հետևաբար շարունակվում է նաև քրդական ուժերի հետ համագործակցությունը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմումից հետո վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ը կդադարի օգնել Սիրիայում քրդական կազմակերպություններին: Իսկ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ թուրքական բանակը Սիրիայի ընդդիմության կազմավորումների աջակցությամբ պատրաստվում է երկրի հյուսիսային չորս շրջաններում հարձակում սկսել քրդական ուժերի դիրքերի ուղղությամբ: