Մենք լոքդաունների չենք գնալու. ես ուզում եմ, որ սա մենք հստակ արձանագրենք՝ Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պետք է դիմակների պարտադիր կրումը հետևողականորեն պահենք, և պետք է պատվաստումներն անենք մեծ ծավալներով:
Ունենք պատվաստանյութերի անհրաժեշտ պաշար, և ընտրությունը քաղաքացիներինն է. և մենք չենք էլ կարծում, որ ընտրություն կա. միակ տարբերակը պատվաստվելն է: Մեր որոշումն արդեն կայացվել է. դիմակի կրումը նաև բաց տարածքներում պարտադիր է, և ոստիկանությունը հետևում է, և ամենայն խստությամբ պետք է հետևի. բայց մենք պետք է մեր քաղաքացիներին շարունակ այդ ուղերձը տանք, որ կորոնավիրուսից մահվան հավանականությունը նվազեցնելու տարբերակը պատվաստումն է. ուրիշ տարբերակ ուղղակի չկա»,- ասաց վարչապետը:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ այս շաբաթ Վանաձորում է իրականացվելու պատվաստումային օր, և հրավիրեց բոլորին՝ մասնակցել պատվաստումային գործընթացին:
Նրա խոսքով՝ Գյումրիում տեղի ունեցած պատվաստումային օրը բավականին լայն արձագանք է ստացել, և նման միջոցառումները շարունակական են լինելու:
«Մենք 25 հազարից ավելի պատվաստումներ անելու համար հզորությունների առումով պատրաստ ենք, միայն քաղաքացիներին մնում է պատվաստվել»,- նշեց Ավանեսյանը:
Նա ներկայացրեց այսօրվա դրությամբ պատվաստումների ցուցանիշները:
«Մենք ընդհանուր առմամբ իրականացրել ենք 852 355 պատվաստում. առաջին դեղաչափն ստացել է 588 562 քաղաքացի. սա 29.4 տոկոսն է, և երկրորդ դեղաչափն ստացել է 263 793 քաղաքացի. սա մեծահասակ բնակչության 13 տոկոսն է: Պետք է ասեմ, որ Moderna պատվաստանյութի ստանալուց հետո մենք նաև փոփոխություն իրականացրինք մեր հրամանի մեջ, և 12 տարեկանից բարձր երեխաները ևս այս պահին հնարավորություն ունեն ստանալու պատվաստում ծնողների գրավոր համաձայնությամբ. կա հետաքրքրություն երեխաներին պատվաստելու:
12 տարեկանից մեծ 50 երեխայի պատվաստել ենք: Մեր հոսպիտալացված քաղաքացիների մեջ պատվաստում ստացած քաղաքացիների թիվը շարունակում է մնալ փոքրաթիվ, ինչն ուրախալի է և ցույց է տալիս, որ պատվաստումներն արդյունավետ են, իրենց գլխավոր դերը կատարում են: Այս պահին հոսպիտալացված 3000-ից ավելի քաղաքացիներից ընդամենը 97-ն են, որ պատվաստված են»,- հայտնեց նախարարը: