ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ԱԺ արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում խոսեց Նյու Յորքում տեղի ունեցած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գլխավորությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին ու նշեց, որ առաջիկայում նոր հանդիպումներ կլինեն:
«Կարծում եմ՝ ամենամեծ արդյունքը սեպտեմբերի 23-ին և 24-ին Նյու Յորքում ՀՀ արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումն էր, որին հետևեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ կրկին վերահաստատեցին, որ իրենք գործում են իրենց մանդատի շրջանակներում, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է:
Այս փուլում դա շատ կարևոր արձանագրում է: Մենք շարունակելու ենք մեր ջանքերն այս ուղղությամբ: Կարծում եմ, որ մոտ ժամանակներում կլինեն նոր հանդիպումներ և պայմաններ կստեղծվեն խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման համար»,- ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը: