Ջերմ հիշողություններ արթնացնող երևանյան շատ բակերին բնորոշ կերպարները վերադառնում են: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը և Sharm Holding-ը, Mitoyan production-ի մասնակցությամբ, ներկայացրել են «Մեր բակը 25 տարի անց» լիամետրաժ գեղարվեստական կինոնկարը։ Այսօր Երևանի կինոթատրոններում միևնույն ժամին կայացել է ֆիլմի պրեմիերան: 25 տարի անց կրկին էկրաններին են «Մեր բակի» ինչպես սիրված ու ճանաչված, այնպես էլ նոր բնակիչները՝ նոր պատմություններով:
Արշալույս Հարությունյան, «Մեր բակը 25 տարի անց» ֆիլմի ռեժիսոր - Կարծում էի՝ ամենապատասխանատու պահն այն էր, երբ առաջարկ ստացա նկարահանելու «Մեր բակը 25 տարի անց» ֆիլմը: Հետո ինձ թվաց, որ ամենապատասխանատուն նախապատրաստական փուլն է, հետո՝ նկարահանման պրոցեսը: Հիմա հասկացա, որ այս պահն է ամենապատասխանատուն, երբ հազարավոր մարդիկ տեսնելու են մեր կատարած աշխատանքը:
Արման Միտոյան, «Մեր բակը 25 տարի անց» ֆիլմի պրոդյուսեր - Կարծում եմ՝ սպասված էր, քանի որ «Մեր բակը» բոլորիս մոտ առաջացնում է բարի հուշեր և հույզեր: Դրա պակասն ունենք բոլորս: Այս նախագծով մեր հանրությունը փոքր-ինչ կուրախանա:
Տիգրան Վիրաբյան, Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր, ֆիլմի պրոդյուսեր - Կարծում եմ՝ «Մեր բակն» անկախության տարիներից հետո այս ժանրի մեջ ամենակայացած նախագծերից մեկն է, որն սպասված է բոլորի կողմից: Երբ ասում ենք Ամանոր՝ եթերային Ամանոր, Հանրայինի ամանոր, «Մեր բակը» դրա անբաժան մասերից մեկն է կազմում: Կարծում եմ՝ 4-րդն սպասված էր: Սա Հանրային հեռուստաընկերության և Sharm Holding-ի համատեղ նախագիծն է: Կարծում եմ՝ Հանրայինը կինոարտադրության ոլորտում պիտի իր ծավալները մեծացնի:
Հովհաննես Մովսիսյան, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն - Շատ ռիսկային էր, քանի որ այն «Մեր բակը», որն ստեղծվել էր 25 տարի առաջ, մեր անկախության շրջանի առաջին բում արած ֆիլմն էր, և շատ ռիսկային էր շարունակելը: Հանրային հեռուստաընկերությունն առաջիկայում ավելի մեծ ներդրումներ և ուշադրություն պետք է դարձնի ֆիլմարտադրությանը: Սա երկու իմաստով է կարևոր. նախ՝ հայկական ֆիլմարտադրությանը նոր խթան տալու և զարգացնելու այս ուղղությունը, և երկրորդ՝ սա կոմերցիոն ֆիլմարտադրություն է, մենք դա չենք թաքցնում, որ այստեղ ունենք բիզնես-շահեր, բիզնես-հետաքրքրություններ, և այս նախագիծը դրանցից առաջինն է:
Լալա Մնացականյան, դերասանուհի - Անցել են տարիներ, սակայն չեն փոխվել մեր վերաբերմունքը, բնավորությունն ու տեսակը:
Աշոտ Ղազարյան, դերասան - Ժողովուրդն ամեն քայլափոխի ասում էր՝ ե՞րբ է լինելու 4-րդը: Այնքան ուրախ եմ, որ կարողացանք այդ մարդկանց պահանջը բավարարել: Մենք էլ էինք կարոտել այս ֆիլմը, որովհետև կարոտելու ֆիլմ է: