Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 4-ին տեսակապի միջոցով կանցկացնեն Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստ՝ հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Նիստի ընթացքում նախատեսվում է հաստատել ինտեգրման փաստաթղթերի փաթեթը։ Դրանք «2021-2023 թթ. Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի դրույթների իրագործման հիմնական ուղղություններն են», որոնք ներառում են ոլորտային 28 միութենական ծրագրեր, ինչպես նաև նորացված ռազմական դոկտրինը և Միութենական պետության միգրացիոն քաղաքականության հայեցակարգը:
Նիստին կմասնակցեն նաև երկու երկրների վարչապետները և խորհրդարանների երկու պալատների ղեկավարները: