Սիրիայի հարցով միջազգային հանդիպումը «Աստանայի ձևաչափով» տեղի կունենա Նուր-Սուլթանում դեկտեմբերի կեսին: Այս մասին հայտնել է Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդին՝ փոխանցում է ТАСС-ը։
Նա նշել է, որ հանդիպման ամսաթիվը հստակեցվում է: Նախարարի խոսքով՝ հանդիպմանը կմասնակցեն Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, սիրիական կողմերն ու հրավիրված դիտորդները:
«Մենք այժմ հստակեցնում ենք բանակցությունների մակարդակը: Սովորաբար երաշխավոր երկրները ներկայացված են փոխնախարարների մակարդակով»,- պարզաբանել է Տլեուբերդին:
Սիրիայի հարցով նախորդ բարձրաստիճան հանդիպումը տեղի է ունեցել Նուր-Սուլթանում այս տարվա հուլիսի 7-8-ը: Բանակցությունների մասնակիցները քննարկել են երկրում տիրող իրավիճակը, միջազգային հումանիտար աջակցությունը, Ժնևում Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի աշխատանքի վերսկսման հեռանկարները, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցները, ներառյալ՝ գերիների փոխանակումը, պատանդների ազատ արձակումը և անհայտ կորածների որոնումը: