ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը ներկայացրել է ոլորտին տրամադրվող հատկացումները և ակնկալվող արդյունքային ցուցանիշները:
Ըստ փոխնախարարի՝ եվրասիական տարածաշրջանում առկա է և՛ երկկողմ, և՛ բազմակողմ համագործակցության ձևաչափը: 2022 թ. լրանում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը: Նշվել է, որ այդ կապակցությամբ անցկացվելիք հոբելյանական միջոցառումների օրակարգը քննարկման փուլում է:
Չնայած համավարակին՝ 2021 թվականին ակտիվացել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում. կայացել են ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի 4 հանդիպում, ԱԳ նախարարների 5 հանդիպում, տասնյակից ավելի հեռախոսազրույցներ:
Արմեն Ղևոնդյանը նշել է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ին և 2021 թ. հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների արդյունքներով հարավկովկասյան տարածաշրջանում սկիզբ է դրվել տնտեսական և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման գործընթացին:
Ընթացիկ տարվա դեկտեմբերին Երևանում ծրագրվում է անցկացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 20-րդ նիստը: Նշվել է, որ ՌԴ-ն մեծ աջակցություն է ցուցաբերել մեր երկրին համավարակի դեմ պայքարում:
Մոտ ժամանակներս Երևանում կգումարվի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:
Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը տնտեսական կապերն ակտիվացնելու հարցում կարևորել է դեսպանատների, առևտրական կցորդների արդյունավետ աշխատանքը և փորձել պարզել, թե ի՞նչ գործիքներ են կիրառվում այս ուղղությամբ: Արմեն Ղևոնդյանի համոզմամբ՝ տնտեսական կապերի աշխուժացման համար կարելի է կիրառել նոր հնարավորություններ, եթե լինեն այն դիվերսիֆիկացիոն կապուղիները, որոնք կարող են կապել մեր երկրները և դյուրացնել տնտեսվարող սուբյեկտների շփումները:
Այս համատեքստում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն արձանագրել է, որ Կառավարության գործունեության հնգամյա ծրագրում առկա է տնտեսական դիվանագիտության հասկացությունը, և կոնկրետ ծրագրերի դեպքում բյուջետային միջոցների բաշխման ընթացքում հատկացումներ կնախատեսվեն: