Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Այս ծրագրով, ինչպես նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, հայ գիտնականների հետազոտական թեմաները կֆինանսավորվեն ԵՄ կողմից, հնարավորություն կստեղծվի օգտվել եվրոպական երկրների գիտական ենթակառուցվածքներից:
Նախարարն ավելացրեց, որ ՀՀ-ի մասնակցությունը ծրագրին հնարավորություն է ընձեռելու ՀՀ գիտնականներին և խմբերին՝ անմիջական մասնակից դառնալու համաշխարհային մակարդակի և նշանակության հետազոտություններին:
«Ծրագրում նաև հնարավորություններ են նախատեսվում բարձր տեխնոլոգիական ոլորտի ստարտափերի, ՓՄՁ-ների աջակցության համար: Ծրագրին մասնակցությունը կապահովի ՀՀ-ի գիտական համակարգի՝ եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրվելու գործընթացի շարունակականությունը»,- ասաց նա՝ նշելով, որ գործընթացն սկսվել է դեռևս 2016-ից ԵՄ «Հորիզոն-2020» շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցությամբ: «Մասնակցության ցուցանիշի մեծացման ուղղությամբ արդեն նոր ծրագրի շրջանակում ներդնելու ենք մի շարք թիրախային միջոցառումներ. գիտական հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացում, խորհրդատվություն, տեխնիկական աջակցություն, ծրագրի ազգային կոնտակտային անձանց ինստիտուտի ակտիվացում. այս ամենը կաջակցեն մեր գիտական խմբերին որակապես առավել բարձր մակարդակով ծրագրային մրցույթներին մասնակցելու համար: Ծրագրին մասնակցությունը հավելյալ բյուջետային ծախսեր չի առաջացնի: Անդամության ամենամյա վճարը կկատարվի ՀՀ պետական բյուջեից գիտության ոլորտին հատկացվող միջոցների հաշվին»,- ասաց Դումանյանը:
Նա նշեց, որ ծրագիրը գործելու է 2021-2027 թվականներին: «Մեր գիտնականներն արդեն ունեցել են հնարավորություն՝ ներկայացնելու հետազոտական ծրագրեր, բայց քանի դեռ մենք ասոցացված անդամ չենք, առայժմ կդիտարկվի նրանց աշխատանքները, բայց ֆինանսավորումն իրական կդառնա միայն այն բանից հետո, երբ որ մենք կներառվենք այդ երկրների շարքում, և մեր գիտնականների հետազոտական թեմաները կֆինանսավորվեն ԵՄ-ի կողմից, որոնք շոշափելի գումարներ են. ավելին՝ մեր գիտնականները կօգտվեն ԵՄ երկրների գիտական բոլոր ենթակառուցվածքներից, ինչը շատ կարևոր է»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ առաջին և երկրորդ տարիներին անդամակցության վճարը 550 հազար եվրո է: Բայց ըստ ԵՄ գործընկերների հետ պայմանավորվածության՝ մեր երկրին գումարի 50 տոկոսը վերադարձվելու է: Երրորդ տարվանից սկսած՝ արդեն իսկ, կախված ակտիվությունից, կարող է վերանայվել անդամակցության վճարը: «Գիտական աշխատանքների և գիտական ծրագրերի իրականացման լավագույն և կարևոր հարթակ է մեր գիտնականների համար»,- նշեց նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2022 թվականի պետական բյուջեի նախագծով գիտությանը հատկացվող ֆինանսավորումն ավելանալու է 83 տոկոսով, իսկ գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարն ավելանալու է ավելի քան 2.5 անգամ՝ կազմելով շուրջ 6.7 մլրդ դրամ: «Այս բոլորի համակցության մեջ մենք հույս ունենք, որ ավելի շոշափելի արդյունքներ կլինեն,- ասաց նա:
«Գիտության զարգացումը ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթությունների շարքում»,- նշեց Փաշինյանը: