2022-ին նույնպես պատգամավորները պարգևավճար չեն ստանա. այդ ֆոնդը նախատեսված է խորհրդարանի աշխատակազմի համար՝ բյուջետային քննարկման սկզբում պարզաբանեց Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանի դիտարկմանը, որ պարգևավճարները կազմում են ընդհանուր աշխատավարձային ֆոնդի 20-22 տոկոսը: Գևորգ Պապոյանը հիշեցրեց՝ 2019-ի փետրվարից սկսած պատգամավորները պարգևատրումներ չեն ստացել:
ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ ՊԵՏՔ Է ՆՇՎԻ ԸՍՏ ՊԱՏՇԱՃԻ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Վարդանյանը նաև Քաղաքացու օրվա համար նախատեսված 40 միլիոն դրամից խոսեց, հարցրեց՝ արդյոք շատ չէ՞: Պատգամավորին արձագանքեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ հարցը իրենց տիրույթում է: Արայիկ Հարությունյանը շեշտեց՝ Քաղաքացու օրը պետք է նշվի ամեն տարի ու հնարավորության դեպքում ավելի մեծ բյուջեով:
Արայիկ Հարությունյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար) - Ի տարբերություն ձեր իշխանության տարիների, քաղաքացին մեր գերագույն արժեքն է, ու մենք չենք կարող նշել օլիգարխի տոն, մենք չենք նշելու բյուջեից հափշտակողների տոն:
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՉԻ ԾԱԽՍՎԵԼ
Անկախության 30-ամյակի միջոցառումների համար, սակայն, պետբյուջեից ծախսվել է 0 դրամ՝ հիշեցրեց Հարությունյանը: Ըստ նրա՝ հնարավորություն կար, ու ծրագիրն իրականացվել է գործընկերների հետ: Վարդանյանն արձագանքեց՝ եթե կարողանում եք հայթայթել 1,2 մլրդ, ապա դժվար չէ՞ր լինի 40 մլն էլ հայթայթել ու նշել Քաղաքացու օրը: Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, սակայն, Անկախության օրվա համար ծախսվել է առավելագույնը 400-450 մլն դրամ:
Աղվան Վարդանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Ովքեր են այդ ծախսերն իրականացրել. կարծում եմ՝ հանրայնացնելու ձևերը կան: Եվ ի՞նչ առնչություն ունի աշխատակազմի ղեկավարն այդ միջոցառման կազմակերպիչների հետ՝ դա ևս հայտնի է:
Արայիկ Հարությունյան - Իրավական առումով կարող է խնդիրներ ունենաք, եթե չհրապարակեք այդ աղբյուրներն ու իմ առնչություններն այդ ֆինանսավորողների հետ: Խնդրում եմ դա անել: Այլապես այլ հարաբերություններով կճշտենք այդ հարցը:
2022-Ի ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Հաջորդը նախագահի աշխատակազմի բյուջետային հայտի քննարկումն էր: Նախագծով 1 միլիարդ 602 միլիոն դրամ է նախատեսված, դրանից արտասահմանյան գործուղումների համար՝ 425 միլիոն դրամ: Այն, որ երկրի նախագահը հաճախ է դրսում լինում, Աղվան Վարդանյանը սեփական հաշվարկներով գնահատեց՝ այս հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը 122 օր է, որից 85-ը՝ աշխատանքային: Այդ աշխատանքային 85-ից 54 օրը Արմեն Սարգսյանը մասնավոր ու պետական այցերով 7 երկրում է եղել՝ ասաց պատգամավորը:
Աղվան Վարդանյան - Նախագահը ինստիտուտ է, ու երբ այդ ինստիտուտի բոլոր ծախսերի 25-30 տոկոսը կազմում են գործուղումների վրա ծախսերը, իմ մոտ թյուրըմբռնում է առաջանում՝ որքանով է այդ ինստիտուտը զբաղվում իր գործառույթներով:
Խաչիկ Ղազարյան (ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ) - Ասել, որ արդյունավետ են նախագահի վերջին այցը, կամ դրանից առաջ Իտալիայի այցը՝ հետևանքների ու ազդեցության առումով, մենք նման վերլուծություն չունենք, մենք ուղղակի փորձում ենք կազմակերպել մեզ հատկացված միջոցներով հանրապետության նախագահի այցերը. հուսով ենք՝ առաջիկայում դա ևս կստացվի:
2021-ի համեմատ 378 միլիոն դրամով էլ ավելացել է Ազգային ժողովի 2022-ի բյուջետային հայտը: Խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ դա պայմանավորված է փոխայցերի քանակի ու պատգամավորական վճարների ավելացմամբ: 250 մլն-ի չափով էլ աջակցություն կստանան կուսակցություններն ու դաշինքները՝ նշեց Նարիբեկյանը:
Վահան Նարիբեկյան (ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար) - Նախատեսվում է. «Պատիվ ունեմ»-ին չի հասնում օրենքով ֆինանսական աջակցություն:
Դատական ոլորտի ծախսերն էլ դատական դեպարտամենտի ղեկավար Խաչիկ Ղազարյանը ներկայացրեց: Ըստ նրա՝ 2021-ին դատավորների թիվն ավելացել է 30-ով, 2022-ին էլ կավելանա ևս 29-ով: Արդարադատության նախարարի խոսքով էլ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ու դատարանների շենքերի կառուցման համար կհատկացվի 1.5 միլիարդ դրամ: 2022-ին մեծ ծավալով բարեփոխումներ կիրականացվեն նաև քրեակատարողական ծառայության համակարգում: Կարեն Անդրեասյանը հիշեցրեց՝ հունվարի 1-ից էլ չեն գործելու «Կոշն» ու «Հրազդանը», նախատեսվում է ևս երկու կամ երեք քրեակատարողական միավորել՝ նորը ստեղծել:
Կարեն Անդրեասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Ես չեմ կարող խոստանալ, որ ավարտված կլինի նորի շինարարությունը:
Նոր քրեակատարողականը մոդելային կլինի՝ նշեց նախարարը: Այն կփոխարինի անմխիթար պայմաններով հայտնի «Նուբարաշենին»: Հիմա, սակայն, նախարարությունում կորոնավիրուսի դեմ պայքարի հրատապ միջոցներ են քննարկում, շարժը ժամանակավոր սահմանափակելու համար, քանի որ բանտում քովիդից մահվան առաջին դեպքն է գրանցվել:
Կարեն Անդրեասյան - Ցավով պետք է հայտնեմ, որ այսօր ունենք առաջին մահը քրեակատարողական հիմնարկում՝ կորոնավիրուսով պայմանավորված, եթե ինձ ճիշտ են զեկուցել: Ճշտումներ են անում, բժշկական որոշակի թեմաներ կան: Բայց նախնական, առերևույթ տեղեկացրին, որ կորոնավիրուսով է պայմանավորված մահը:
Դեռ մշակման փուլում է նոր՝ Հակակոռուպցիոն կոմիտեի բյուջեի նախագիծը, իրավապահ կառույցը մոտ մեկ ամիս առաջ է ձևավորվել: Կոմիտեի նորանշանակ նախագահ Սասուն Խաչատրյանի խոսքով՝ 2022 թ. իրենց վարույթում, ըստ նախնական հաշվարկների, 2000 կոռուպցիոն բնույթի գործ կքննվի: