Պատվաստումներին վերագրվող տարատեսակ բացասական հետևանքների մասին խոսակցությունները հիմնազուրկ են: Առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանի խոսքով՝ նույնիսկ դպրոցական մակարդակով կենսաբանություն սովորածներին է հայտնի, թե ինչ են պատվաստումն ու պատվաստանյութը:
Սամվել Հայրումյան, ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու - Ես Խորհրդային տարիներին եմ սովորել, կային իմունիտետի վերաբերյալ դասաժամեր՝ ի՞նչ է իմունիտետը, իմուն համակարգը, ո՞ր բջիջնեն են իմունիտետի համար պատասխանատու: Այդ բջիջները և հակամարմինները շատանում են ու մնում են օրգանիզմում, և հենց իսկական վիրուսն է հանդիպում, արդեն օրգանիզմն ունի դրա դեմ հակամիջոց: Եթե հիվանդանում են, գոնե թեթև են տանում:
Իմունիտետի ու պատվաստումների թեման ներկայացված է եղել ոչ միայն Խորհրդային դասագրքերում: Այսօր էլ առարկայական ծրագրերում դա ներառված է: Վաղարշապատի համար 4 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Անի Մկրտչյանի խոսքով՝ արդեն 8-րդ դասարանում աշակերտները ծանոթանում են, թե ինչքան կարևոր է պատվաստանյութը, որը կյանքեր է փրկում: Ոչ ոք չէր ցանկանա իր առողջության գնով ձեռք բերել իմունիտետ, եթե կարելի է այդ իմունիտետը ներարկել:
Անի Մկրտչյան, Վաղարշապատի համար 4 հիմնական դպրոցի ուսուցչուհի - Աշակերտը սովորում է իմունիտետի տարատեսակները՝ ակտիվ իմունիտետ, պասիվ իմունիտետ, պատվաստանյութերը, ինչպես են ստանում բուժիչ շիճուկները և զերծ մնում հիվանդություններից:Ասում եմ՝ երեխաներ, հիշեք, եթե համայնքը, ազգաբնակչության գոնե 90 տոկոսը պատվաստված լինի, հիվանդությունը կկործանվի, մենք կհաղթենք այդ հիվանդությանը:
Այսինքն, եթե աշակերտը դպրոցում լավ է սովորում, մտավախություն չպե՞տք է ունենա, որ պատվաստանյութը կարող է անպտղություն կամ սարսափազդու այլ հետևանքներ առաջացնել:
Անի Մկրտչյան - Միանշանակ՝ ոչ: Օրգանիզմը ձեռք է բերում պատնեշ, բարիեր, երբ որ հարուցիչը մոտենա, ինքը կարող է անգամ չհիվանդանալ, որովհետև այդ հակամարմինները կարող են օրգանիզմում երկարատև պահպանվել, անգամ՝ ամբողջ կյանքի ընթացքում:
Այս ուսումնական տարում,- ասում է կենսաբանության ուսուցչուհին,- 8-րդ դասարանի աշակերտներն իմունիտետի ու վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու թեման դեռ չեն սովորել, կսովորեն:
Հեղինակ՝ Աննա Զախարյան