ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 3-ին շարունակվել է «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Օրվա քննարկումը վերաբերել է իշխանության պետական և դատական մարմիններին, պետական վերահսկողությանն ու կոռուպցիայի կանխարգելմանը:
ՀՀ Ազգային ժողովին 2022 թվականի համար կհատկացվի 5 մլրդ 992 մլն դրամ, գրեթե այնքան, որքան եղել է 2021-ին: Օրենսդիր մարմինը կիրականացնի 1 ծրագիր, որի շրջանակում կանցկացվի 5 միջոցառում:
Սահմանադրական դատարանը կիրականացնի 1 ծրագիր՝ 2 միջոցառմամբ, այդ նպատակով կառույցին կհատկացվի 704,6 մլն դրամ:
Բարձրագույն դատական խորհուրդը կստանա 14 մլրդ 460 մլն դրամ, աճը 2021-ի համեմատ կազմում է 18,87 տոկոս: Կիրականացվի 1 ծրագիր՝ 27 միջոցառմամբ:
Արդարադատության նախարարությունը կիրականացնի 9 ծրագիր՝ 27 միջոցառմամբ, այս կառույցին կհատկացվի 23 մլրդ 288 մլն դրամ, աճը՝ 12,7 տոկոս:
Դատախազությանը կհատկացվի 6 մլրդ 681 մլն դրամ, կիրականացվի 3 ծրագիր՝ 4 միջոցառմամբ: Այստեղ ֆինանսավորման աճը 8,7 տոկոս է:
Պետական վերահսկողական ծառայությունը կիրականացնի 1 ծրագիր՝ 2 միջոցառմամբ, ֆինանսավորումը՝ 758,4 մլն դրամ է: Քննչական կոմիտեն նախատեսել է 1 ծրագիր՝ 5 միջոցառմամբ, կհատկացվի 8 մլրդ 340 մլն դրամ:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախատեսում է իրականացնել 1 ծրագիր՝ 2 միջոցառմամբ: Կառույցի ֆինանսավորումը նախատեսվում է 350,6 մլն դրամի չափով:
Հակակոռուպցիոն կոմիտեն կստանա 823,7 մլն դրամ, կիրականացնի 1 ծրագիր՝ 3 միջոցառմամբ: 1 մլրդ 49,7 մլն դրամ կստանա Հաշվեքննիչ պալատը, 1 մլրդ 268,4 մլն դրամ՝ ԿԸՀ-ը: