Եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված բոլոր ուղղություններով աշխատանքը շարունակվում են: Այդ մասին հայտարերել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում:
Մարիա Զախարովա, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ - Լեռնային Ղարաբաղում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման վերաբերյալ երեք երկրների առաջնորդների կողմից հայտարարության ընդունման մոտեցող 1-ամյակը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 1-ին քննարկել է Հայաստանի ԱԳ նախարարի, իսկ նոյեմբերի 2-ին՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Նախարարները համակարծիք են եղել, որ անցած մեկ տարում տարածաշրջանում իրավիճակը կայունացել է, հրադադարի ռեժիմն, ընդհանուր առմամբ, պահպանվում է:
Զախարովայի խոսքով՝ Բաքվում և Երևանում բարձր են գնահատում ռուս խաղաղապահների դերակատարումը: Առանձին միջադեպերը կարգավորվում են կողմերի հետ փոխգործակցության հաստատված ուղիներով: Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ ջանքեր են գործադրվում նաև տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ:
Մարիա Զախարովա - Հոկտեմբերի 20-ին Մոսկվայում մեր երկրների փոխվարչապետների համանախագահությամբ կայացել է եռակողմ աշխատանքային խմբի 8-րդ նիստը: Նոյեմբերի 29-ին կկայանա տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովի նոր հանդիպում: Շարունակվում են արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունների և սահմանապահ ծառայությունների շփումները:
Որպես սահմանային միջադեպերին խնդրի համալիր լուծում՝ Մոսկվան տեսնում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատման գործընթացի հնարավորինս արագ մեկնարկը՝ հետագա սահմանագծմամբ: Անդրադառնալով երեք երկրների կողմից նոր փաստաթղթերի հնարավոր ընդունմանը՝ Զախարովան ընդգծեց՝ նման տեղեկություններ չունի:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան աջակցում է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից առաջ քաշված տարածաշրջանային խորհրդակցական մեխանիզմի՝ «3+3» ձևաչափի ստեղծմանը, որում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ներգրավվածությունը:
Մարիա Զախարովա - Մեր կարծիքով՝ դրա գործարկումը կնպաստի միջպետական հարաբերություններում վստահության բարձրացմանը, առկա հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային ներուժի բացահայտմանը:
Զախարովայի խոսքով՝ այդ ձևաչափը կարող է և պետք է լուծումներ առաջարկի ինչպես հին, այնպես էլ նոր մարտահրավերների համար: