Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ նոյեմբերի 2-ին մեկնարկել է «Քրեական դատավարության գործընթացում երեխայազգայուն և գենդերային զգայուն կարողությունների և աջակցող ծառայությունների զարգացում տուժող և վկա երեխաների համար» ծրագիրը:
Այն իրականացվում է Արդարադատության նախարարության, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ:
Ողջույնի խոսքում փոխնախարարը նշել է, որ մեծ ազդեցություն ունեցող այս ծրագրի մեկնարկը վկայությունն է Արդարադատության նախարարության և միջազգային գործընկերների ներդաշնակ համագործակցության:
Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է, որ երեխայակենտրոն արդարադատության համակարգի ձևավորման գործընթացում կարևոր քայլ է որակավորված հոգեբանի ներգրավման ինստիտուտի ներդրումը, և վստահություն հայտնել, որ աջակցող միջազգային կառույցների փորձի և նախարարության ներդրած ջանքերի շնորհիվ ծրագիրը հաջողելու է:
Փոխնախարար Գրիգորյանը որպես ծրագրի կարևոր կետ՝ ընդգծել է կարողությունների ինստիտուցիոնալացումը՝ վերապատրաստվող հոգեբանների կողմից իրենց ստացած գիտելիքների հետագա տարածման արդյունքում:
Ամփոփելով խոսքը՝ փոխնախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հատնել միջազգային գործընկերներին և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմին՝ նվիրված աշխատանքի համար:
Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն իր հերթին շնորհակալություն է հայտնել գործընկերներին ծրագրի մեկնարկին մասնակցության հրավերի համար և նշել, որ միջազգային փորձից հայտնի է, որ հանցագործությունից տուժած կամ վկա անչափահասներն արդարադատության համակարգերի կողմից հաճխ կրկնակի զոհայնացվում են և այդ համակարգերը հիմնականում հարմարեցված չեն անչափահասների կարիքներին: Այդ համատեքստում Վայգանդը բարձր է գնահատել տևական համագործակցությունն Արդարադատության նախարարության և Անչափահասների արդարադատության խորհրդի միջև՝ ուղղված երեխաների լավագույն շահի պաշտպանության ամրապնդմանը:
Քրիսթինե Վայգանդն իր խոսքում անդրադարձել է նաև Քրեական դատավարության օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններին, որոնցով սահմանվել է երեխաների հարցաքննությանը հոգեբանների մասնակցությունը՝ որակելով այն կարևորագույն քայլ Հայաստանի կողմից՝ ի կատարումն հանցագործությունից տուժած կամ վկա երեխաներին առնչվող արդարադատության վերաբերյալ ՄԱԿ-ի ուղենիշներին:
ՄԱԿ-ի վերոնշյալ ուղենիշները կոչ են անում սահմանել վերապատրաստված մասնագետների ներգրավվում և հարցաքնության ու գնահատման այնպիսի մոտեցումներ, որոնցով նվազագույնի կհասցվի երեխային պատճառվող վնասը և առավելագույնի կհասցվի երեխայից ստացվող տեղեկատվության որակը:
Ամփոփելով խոսքը՝ Քրիսթինե Վայգանդը շնորհավորել է Արդարադատության նախարարությանը և Անչափահասների արդարադատության խորհրդին համատեղ իրականացվող ծրագրի մեկնարկի կապակցությամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հանձնառությունն է հայտնել հետագա համագործակցության համար՝ ուղղված երեխայի լավագույն շահի ամրապնդմանը:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանն իր հերթին ևս գոհունակություն է հայտնել Արդարադատության նախարարության հետ երկարամյա սերտ համագործակցության համար՝ նշելով, որ նման ծրագրի իրականացումը հավելյալ երաշխիքներ կստեղծի ընտանիքում բռնության ենթարկված անձանց կրկնակի զոհացման ենթարկվելուց պաշտպանելու համար:
Հաջորդիվ՝ Արդարադատության նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը մասնակիցներին ներկայացրել է քրեական դատավարության գործընթացում հոգեբանի ներգրավման օրենսդրական բարեփոխումները, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի արդարադատության մատչելիության ծրագրի համակարգող Հայկ Խեմչյանը՝ անչափահասներին կրկնակի զոհայնացումից պաշտպանության հիմնական ուղղությունները և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Ղուլյանը՝ անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ, ինչպես նաև ընտանեկան բռնության գործերով քննչական գործողության կատարմանը ներգրավվող հոգեբանների վերապատրաստման դասընթացի հակիրճ նկարագիրը: