Արմավիրի մարզը 44-օրյա պատերազմին Արցախի 4 հերոս է տվել: Նրանցից երկուսի՝ Դավիթ Գրիգորյանի և Հակոբ Հարությունյանի հիշատակի արարողություններին ներկա էր նաև Արցախի նախագահը: Մարզի ղեկավարի ուղեկցությամբ Արայիկ Հարությունյանը հյուրընկալվել է Սարդարապատ գյուղում ապրող Դավիթի ընտանիքին, ապա այցելել նրա շիրմին, որտեղ զինվորական պատվով ու հոգևոր կարգով բացվել է Արցախի հերոսի անդրին:
Դավիթ Գրիգորյանը ժամկետային զինծառայող էր: Արցախի բարձրագույն կոչմանն է արժանացել պատերազմի ժամանակ 15 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա խոցելու համար: Ի պատիվ հերոսի, Սարդարապատի 15-րդ փողոցն այսօր անվանակոչվել է նրա անունով:
Իսկ Մյասնիկյանում, որտեղ ծնվել է Արցախի հերոս Հակոբ Հարությունյանը, նրա և գյուղի ևս 11 զոհերի պատվին հուշաքար է բացվել: Հակոբը կամավոր էր, Ռյազանից էր եկել: Մարտական գործողությունները սկսել է Եղնիկներից, հասել Շուշի, կռվել Քարինտակում:
Վարդան Հարությունյան, Արցախի հերոս Հակոբ Հարությունյանի եղբայրը - Մենք պետք է պարտականություն զգանք ու ոչ մի րոպե չմտածենք, որ իրենք չկան: Եթե այդպես մտածենք, անցյալում կմնան, իրենք պետք է լինեն բոլորիս սրտերում:
Կարեն Ջալավյան, Արցախի հերոս - Մեր ընկերները, զավակները չեն զոհվել: Նրանք իրենց պարտքն են կատարել հայրենիքի հանդեպ, և մենք իրավունք չունենք նրանց թափած արյունը, պատգամը կիսատ թողնելու:
Համբարձում Մաթևոսյան, Արմավիրի մարզպետ - Միանալով անմահների գնդին, մեր եղբայները վերցրեցին իրենց հետ մի բուռ հայրենի հող, պատիվ, թողեցին ընտանիքի անդամներ ու երեխաներ, թողեցին չապրած օրեր: Պարտավորվում ենք մեր առօրյա աշխատանքով շարունակել նրանց կիսատ թողած գործը:
Արայիկ Հարությունյան, Արցախի նախագահ - Այսօրվա ապրելու մեր իրավունքը վաստակել են նրանք: Հավերժացել են, հերոսացել են: Արցախ աշխարհի այսօրվա գոյության համար ոչ միայն այսօրվա սերունդն է պարտական, այլ մյուս սերունդները, որոնք ապրելու են Արցախում, Հայաստանում: Ես հավատում են դրան: