Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը մարզային այցելությունների շրջանակներում այսօր եղել է Մասիսի, Արտաշատի, Վեդու, Սիսիանի և Եղեգնաձորի բժշկական կենտրոններում։
«Մասիսի բժշկական կենտրոնում տնօրեն Հայկ Հովհաննիսյանի հետ շրջայց ենք կատարել հիվանդանոցում, ինչպես նաև ծանոթացել նոր կառուցվող բժշկական կենտրոնի մանրամասներին։
Ուզում եմ տեղեկացնել, որ պետական բյուջեի միջոցների հաշվին Մասիսում կառուցվելու է ամբողջությամբ նոր հիվանդանոց, որի նախագծանախահաշվարկային աշխատանքները կատարվել են դեռ անցյալ տարի, իսկ շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են։
Արտաշատ քաղաք այցի ընթացքում տնօրեն Հայկ Համբարձումյանի ուղեկցությամբ շրջել եմ բժշկական կենտրոնի տարածքում, որտեղ այս պահին ծավալված է քովիդ մեծ բաժանմունք՝ իր վերակենդանացման մահճակալներով։ Ծանոթացել եմ նաև թթվածնային հզորություններին, որոնք աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ։
Չնայած նրան, որ թթվածնի կայանը ձեռք է բերվել անցյալ տարի և աշխատում է իր ողջ ներուժով, սակայն հազիվ է հասցնում հերիքել ներկայիս պահանջարկին, և հավելյալ գազաբալոնային համակարգ է աշխատում։
Այնուհետև այցելել եմ Վեդու բժշկական կենտրոն, որը դեռ անցյալ տարվանից ամբողջությամբ ծավալված է որպես քովիդ կենտրոն։ Կենտրոնն այս ընթացքում մի քանի անգամ ըստ անհրաժեշտության պրոֆիլավորվել և վերապրոֆիլավորվել է։
Այստեղ ևս շրջայց եմ կատարել, հետաքրքրվել կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտների առողջությամբ։
Եղել եմ Եղեգնաձոր քաղաքում, որտեղ Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում և պետական բյուջեի համաֆինանսավորմամբ կառուցվում է մարզային նոր բժշկական կենտրոն։
Մարզպետ Արարատ Գրիգորյանի, մարզպետարանի համապատասխան վարչության պետերի և Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ներսիսյանի ուղեկցությամբ այցելել եմ շինհրապարակ և տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին։ Իրականացրել ենք որոշակի ճշգրտումներ՝ ժամկետների և շինարարության առանձնահատկությունների վերաբերյալ։
Խորհրդային տարիներից հետո սա առաջին բազմապրոֆիլ բժշկական կենտրոնն է, որ կառուցվում է մարզում։ Կառուցման համար անհրաժեշտ որոշումներն ընդունվել էին դեռ անցյալ տարի, իսկ շինարարությունը սկսվել է այս տարի։ Պայմանավորվել ենք, որ մարզպետն իր անմիջական ուշադրության կենտրոնում կպահի ծրագիրը, քանի որ շատ կարևոր նախաձեռնություն է մարզի համար։
Այցելել եմ նաև Սիսիանի բժշկական կենտրոն, որտեղ տնօրեն Անիկ Գրիգորյանի հետ հետևել ենք շինարարական աշխատանքներին։
Ուզում եմ տեղեկացնել, որ Սիսիանում պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցվում է ամբողջությամբ նոր բժշկական կենտրոն, որի շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ նախագծային աշխատանքներն իրականացվել էին դեռ անցյալ տարի։
Ծանոթացել եմ նաև ժամանակավոր շենքային պայմաններին, որտեղ պետք է տեղափոխվի բժշկական կենտրոնը։ Տեղափոխման աշխատանքները հնարավոր է եղել կազմակերպել տնօրեն Անիկ Գրիգորյանի և Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ֆինանսավորմամբ։ Խմբի ղեկավարն է վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։
Հատուկ ուզում եմ շեշտել, որ մարզային առողջապահությունը զարգացնելու ծրագրերն իրականացվում են և մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում»,- նշել է Թորոսյանը։