Վիճակագրական տվյալները փաստում են՝ այսօր Հայաստանում պատվաստումների գործընթացը դինամիկ է ընթանում: Օրական 20-23 հազար քաղաքացի պատվաստվում է հանրապետությունում առկա 5 պատվաստանյութերով: Համամետության համար նշեմ, որ, օրինակ, օգոստոս-սեպտեմբերին հանրապետությունում օրական միջինը պատվաստվում էր 6000 քաղաքացի: Գործընթացի մեկնարկից ի վեր նոյեմբերի 2-ի դրությամբ կատարվել է 835 հազար 460 պատվաստում, որից առաջին դեղաչափ՝ 576 հազար 352, և 2-րդ դեղաչափ՝ 259 հազար 108: Կառավարությունը նպատակ է դրել մինչև տարեվերջ առնվազն մեկ դեղաչափ ստացածների շեմը հասցնել 50 տոկոսի:
Գայանե Սահակյան (ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ) - Մենք շաբաթական կտրվածքով խնդիր ենք դնում, որ առնվազն 3 տոկոս աճ ունենանք, նախորդ շաբաթվա համեմատ մենք ունեցել ենք 4.6 տոկոս աճ՝ նույնիսկ 1.6 տոկոսով ավելի:
Այս պահին լիարժեք պատվաստված է Հայաստանի չափահաս բնակչության 12 տոկոսը: Առաջին դեղաչափով պատվաստվել է չափահաս բնակչության 28 տոկոսը, Ամենացածր ցուցանիշը Արագածոտնի մարզում է՝ 21.8 տոկոս, մարզերից առավել բարձր ցուցանիշ գրանցվել է Վայոց ձորում՝ 30.8 տոկոս, Երևանում պատվաստվել է 41.8 տոկոսը: Հենց այս ցուցանիշով պայմանավորված՝ մայրաքաղաքի պոլիկլինիկաներում պատվաստման հերթերը ամենամեծն են: իսկ ամբողջությամբ պատվաստվել է 12 տոկոսը: Վերջնական կարգավորում Առողջպահության նախարարությունը դեռ չի մշակել:
Գայանե Սահակյան - Միակ լուծումը այս պահին. մենք առաջարկում ենք, որ շարժական պատվաստումներ անեն, նույնիսկ մարզերում առանձին համայնքներ են գնում, մյուսը՝ խոշոր բուժհաստատություններոում մի քանի պատվաստումային կետ է բացվում, որ հերթերը կարողանանք կառավարել:
ՊԱՏՎԱՍՏՎԵԼՈՒ ՀՈՐԴՈՐ ԿԵՂԾ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՁԵՌՔ ԲԵՐԱԾՆԵՐԻՆ
Ժամանակին պատվաստումներին թերահավատորեն վերաբերվող, կեղծիքներով հավաստագիր ձեռք բերած, այնուհետև կարծիքը փոխած քաղաքացիներին ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալը հորդորում է՝ չհապաղել ու պատվաստվել, եթե անգամ հավաստագրում նշված է, որ նրանք մեկ կամ երկու անգամ պատվաստված են:
Գայանե Սահակյան - Այս պահին մեր այդ կարգավորման բացը 3-րդ, 4-րդ դեղաչափերի հնարավորություն է տալիս այդ մարդկանց, որ իսկապես դիմեն ու պատվաստվեն: Սա իրոք լուծում է այս պահին, և իմ կոչը կլինի՝ օգտվել այս հնարավորությունից ու դիմել բուժհաստատություն ու իսկապես պատվաստվել:
Ոլորտի մասնագետը նաև հիշեցնում է, որ պատվաստանյութի տեսակի փոփոխությունը ևս արգելված չէ: Յուրաքանչյուր քաղաքացի այսօր կարող է 3-րդ 4-րդ անգամ պատվաստվել, փոխել պատվաստանյութի տեսակը. միակ պահանջն ու հորդորը պատվաստումը կիսատ չթողնելն է:
Գայանե Սահակյան - Եթե մարդը «Աստրազենեկա» է ստացել 2 դեղաչափ, բայց ուզում է 3-րդը չստանա, այս պահին միակ կարգավորումն այն է, որ ինքը պետք է 2-րդ տեսակի պատվաստանյութի ամբողջական 2 դեղաչափը ստանա:
Գայանե Սահակյանը հիշեցնում է նաև՝ պատվաստումից հետո, անկախ նրանից, թե դա որերորդն է, հաջորդ չափաբաժինը կարելի է ստանալ նավազագույնը 28 օր անց միայն: