Պետեկամուտների կոմիտեն այս տարվա հունվար-հոկտեմբերին 12.7 տոկոսով ավելի հարկեր է հավաքել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս պահին ծավալը 1 տրլն 279 մլրդ դրամ է: Ցուցանիշն աճել է ոչ միայն ճգնաժամային 2020-ի, այլև 2019-ի և 2018-ի նկատմամբ՝ համապատասխանաբար 6.9 և 27.7 տոկոսով: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի համոզմամբ՝ հարկային եկամուտները չեն կարող ինքնաբերաբար ավելանալ, եթե տնտեսությունը ակտիվ չլինի:
Սերգեյ Բագրատյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Իհարկե, 20 տոկոս ապրանքաշրջանառությունը չի կարող չբերել համապատասխան հարկային եկամուտներ: Բնականաբար, ենթադրվում է նաև, որ վարչարարությունը նույնպես բավարար մակարդակի է, այսինքն՝ ի վերջո, մենք հասել ենք մի տեղ, որ հարկային տեսուչն այլևս թշնամաբար չի տրամադրված տնտեսվարողի նկատմամբ, այլ էդ հարաբերությունները կարգավորվում են բանակցությունների միջոցով:
Հարկային եկամուտների աճի վրա, տնտեսագետների համոզմամբ, ազդել է 3 գործոն: Առաջինը հարկային մարմինների արդյունավետ վարչարարություն է:
Եղիշե Սողոմոնյան (տնտեսագետ) - Երկրորդ գործոնը տնտեսական աճի գործոնն է, երրորդը իր ազդեցությունը կարող է ունենալ գնաճը, քանի որ գնաճը հարկման բազա է մեծացնում, ու դա ևս իր ազդեցությունը կունենա, բայց ընդհանուր առմամբ այս աճի 12.7 տոկոս աճը բավական դրական է:
Նոյեմբերն ու դեկտեմբերը, ըստ կանխատեսումների, ավելի ակտիվ կլինեն հարկային մուտքերի առումով, և արձանագրված աճի ցուցանիշն ավելի կմեծանա. ևս մի գործոն, որն ազդել է հարկերի հավաքման տեմպի վրա:
Եղիշե Սողոմոնյան - Ծառայություն, շինարարություն և առևտուր, կարծում եմ, որ այս երեք ոլորտներն են, որ էդ աճը գեներացնում են: Էն որ տնտեսական աճի ցուցանիշն ավելի ցածր է եղել, քան հարկերի հավաքագրման աճն է, նախորդ տարվա նկատմամբ, դա նշանակում է էդ գերակատարումը ոչ միայն տնտեսական աճի հաշվին է, այլ նաև ստվերի կրճատման:
Սերգեյ Բագրատյան - Միայն ստվերի հաշվին չի կարող նման աճ լինել: Ստվերի հաշվին մենք կարող ենք այդ 12.7 տոկոսի 1-2 տոկոսը հաշվի առնել որպես ստվերից դուրս գալու նշան, բայց գիտեք աշխատատեղերի քանակով 651 հազարից ավելի աշխատատեղ այլևս մենք փաստել ենք և սա արդեն լուրջ թիվ է և նա նույնպես հարկեր է գեներացնում:
2021-ի բյուջեի ճշգրտված ցուցանիշով նախատեսված է հավաքել 1 տրլն 523 մլրդ 900 մլն դրամ, այս պահին պլանը կատարվել է 83.9 տոկոսով:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան