Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Քննարկվել է «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտի ղեկավար Խաչիկ Ղազարյանը հայտնել է, որ ԲԴԽ-ն և ՀՀ դատարաններն իրականացնում են «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» ծրագիրը:
Գալիք տարվա համար կառույցին նախատեսված է հատկացնել 14 մլրդ 341մլն 250 հազ. դրամ, մինչդեռ ԲԴԽ-ն ներկայացրել է 14 մլրդ 237 մլն 497 հազ. դրամի հայտ: Զեկուցողի խոսքով՝ թվում է, թե հատկացվելիք գումարը մոտ 103 մլն դրամով ավելացել է, սակայն դա այդպես չէ, քանի որ այն նվազել է մոտ 628 մլն դրամով: Ավելացել են 2 միջոցառումներ, որոնց իրականացման համար անհրաժեշտ է մոտ 718 մլն դրամ: Այս գումարի հայտը ԲԴԽ-ն դեռևս չի ներկայացրել:
«Հավանաբար, օրերս հայտը կներկայացնենք»,- նշել է Խաչիկ Ղազարյանը՝ հավելելով, որ դա կապված է օրենքի փոփոխությամբ նոր դատարանի ստեղծման հետ:
Դատական ոլորտի աշխատանքները ներկայացնելով՝ Խաչիկ Ղազարյանը հայտնել է, որ 2021-ին, համաձայն դատական օրենսգրքի, 30-ով ավելացել է դատավորների թիվը, 2022-ին նրանց թիվը կավելանա ևս 29-ով: