ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում COVID-19-ի հայտնաբերման համար նմուշառում է իրականացվել՝ հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:
«Գորիս», «Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում պահվող դրական ախտորոշում ունեցող անձինք հսկողության համար տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոցի»՝ նախապես առանձնացված բաժանմունք։
Ներկայումս ՔԿՀ-ներում պահվող, դրական ախտորոշում ունեցող 49 անձ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում՝ բժիշկների հսկողության ներքո։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Սբ Գր․ Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում այսօր գրանցվել է «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1980 թվականին ծնված Գ․Կ.-ի կենսաբանական մահը։
Դատապարտյալի մոտ հոկտեմբերի 31-ին ախտորոշվել էր COVID-19, հաջորդ օրը՝ նոյեմբերի 1-ին, ժամը 15։00-ին, նա տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, նույն օրը` ժամը 17։45-ին, «Սբ Գր․ Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոց։
Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում տեղեկացրել էր, որ քրեակատարողական հիմնարկում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը:
«Ցավով պետք է հայտնեմ, որ այսօր ունենք առաջին մահը քրեակատարողական հիմնարկում՝ կորոնավիրուսով պայմանավորված: Ճշտումներ են անում, բժշկական որոշակի թեմաներ կան: Նախնական, առերևույթ տեղեկացրին, որ կորոնավիրուսով է պայմանավորված մահը»,- ասել էր Անդրեասյանը: