ԿԱՐԵՎՈՐ Է ԵԱՀԿ ՄԽ ՁԵՎԱՉԱՓՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար Հայաստանը կարևոր է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնումը: Կառավարությունում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանն ընդծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մենք կարևոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանականերում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնվի, որտեղ, ինչպես նաև համանախագահներն են ընդգծել մի քանի անգամ՝ հայտնի սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքը տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերջնական և համապարփակ և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը: Այս բոլոր հարցերը մշտապես մեր աշխատանքային միացյալ օրակարգում են և այսօր նույնպես մենք այդ թեմաներով միացյալ քննարկումներ կունենանք»:
Արայիկ Հարությունյանը նշել է՝ 44-օրյա պատերազմից մեկ տարի անց չի փոխվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ պատկերացումը:
Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Արցախի քաղաքական լուծման ճանապարհից չենք շեղվել և Արցախի ինքնորոշման իրավունքը, որպես գլխավոր քաղաքական լուծման ուղղություն, մենք շարունակում ենք պահպանել և միջազգային խաղացողները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է, որպես միջնորդ լինել և օրակարգում Ղարաբաղյան խնդրի լուծման առումով, հիմքում դրված է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը»:
ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Արցախի ղեկավարներն անդրադարձել են նաև հետպատերազմական շրջանի գործակցությանը: Մեկ տարվա ընթացքում այդ աշխատանքը երբեք չի դադարել,- ընգծել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան - Կարևոր է արձանագրել, որ այս ընթացքում Արցախի կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, հաջողվել է Արցախում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ շատ կոնկրետ աշխատանքներ իրականացնել: Իհարկե, մենք չենք համարում, թե այն, ինչ արված է, գոհացուցիչ է, և մենք, բնականաբար, պետք է շարունակենք աշխատանքն այդ ուղղությամբ՝ զուտ աջակցության ծրագրերը, ինչպես բազմիցս խոսել ենք, փոխարինելով զարգացման ծրագրերով:
Արայիկ Հարությունյանը հայտնել է՝ մինչև տարեվերջ Ստեփանակերտում առնվազն 300 նորակառույց բնակարան կհանձնվի շահագործման: Արցախի նախագահը վստահեցրել է՝ 2-3 տարվա ընթացքում ամբողջությամբ կլուծվեն բնակարանների, անհրաժեշտ ենթակառուցվածքների ու սոցիալական խնդիրները:
Արայիկ Հարությունյան - Իհարկե, մի մասը մինչ պատերազմը սկսված շինարարությունն է, բայց մեզ հաջողվել է, դրանից բացի, հազարավոր բնակարանների հիմքեր դնել այսօր, և մինչև եկող տարվա վերջ առնվազն 2500-3000 բնակարան ավարտած կլինենք: Առաջին հերթին՝ Հայաստանի կառավարության կողմից Արցախին տրամադրվող գումարների շրջանակում, իհարկե, գումարները ոչ միայն շինարարության համար են տրվում, այլև Արցախի բնականոն կյանքը, սոցիալական ծրագրերն իրականացնելու համար և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հանգանակած գումարներով՝ տարբեր ծրագրերի, բնակարանաշինության և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ: Այսինքն՝ առաջին 300 ընտանիքը մինչև այս տարեվերջ, մինչև Նոր տարի, կունենա իր օջախը, և դա ամենակարևորն է Արցախի ժողովրդագրական խնդիրը լուծելու առումով: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել, որ Հայաստանի՝ 2022 թվականի պետական բյուջեում արտացոլվել է բավական մեծ գումար, որը թույլ է տալու Արցախի կողմից վերականգնվող տնտեսության հաշվին մուտքագրված գումարներով ևս միասին լուծել բոլոր խնդիրները:
Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանն ընդգծել են նաև Հայաստանի ու Արցախի տարբեր կառույցների օպերատիվ գործակցության կարևորությունը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան