«Բուկինիստը» պատրաստվում է տարվա ամենասպասված իրադարձությանը: Գրքի վաճառքը խթանելու համար վաղը 12 ժամ՝ ընկերության բոլոր գրախանութներում, ևս 12 ժամ էլ առցանց եղանակով բոլոր գրքերը վաճառվելու են ինքնարժեքով: Ընկերության հիմնադիր-տնօրենն ասում է՝ միջոցառումը տարիների ընթացքում տոնի է վերածվել: Իրենք ավանդույթը պահում են:
Խաչիկ Վարդանյան, «Բուկինիստ» հրատարակչության հիմնադիր-տնօրեն - 6-րդ տարին է անում ենք, և ժողովուրդն արդեն սպասում է այս միջոցառմանը: Տեղական մատակարերներից ամբողջությամբ համալրել ենք մեր ֆոնդերը, այսինքն՝ շատ գրականություն ունենք: Ամիսներ առաջ մեզ հարցնում էին՝ ե՞րբ է լինելու: Գիտեք, սովետներից հետո ես հերթ չէի տեսել, բայց առաջին անգամ, որ արեցինք գրքի գիշեր, հենց այդ գիշեր՝ մինչև 11:30 մեր գրախանութի դիմաց հերթ էր:
Իսկ հերթերից խուսափելու համար արդեն երկու տարի է ընկերությունն առաջարկում է ոչ թե 12, այլ 24 ժամ՝ օր ու գիշեր գրքախառնվել: Նախորդ աշնանը 24 ժամում ավելի քան 10.000 գիրք են վաճառել, այսինքն՝ 6 անգամ շատ սովորական օրերից: Խաչիկ Վարդանյանը վստահ է՝ նոյեմբերի 4-ին ավելի շատ են գիրք վաճառելու, քանի որ այս տարվա տասը ամսում հրատարակչություններն ավելի շատ են նոր գրքեր տպագրել, քան 2020-ին: Գրքի խորհրդատուներն ասում են՝ ընթերցողներից շատերն իրենց գնումները վաղն են անելու, որ զեղչերից օգտվեն ու մեկի փոխարեն մի քանի գրքով գրադարակը համալրենԼ
Ռազմիկ Դավթյան, գրքի խորհրդատու - Տարեցտարի շարժն ավելի է շատանում:
Արաքսյա Մովսիսյան, գրքի խորհրդատու - Հաճախորդի համար էլ է տոն, որովհետև նրանց հնարավորություններն այդքան էլ շատ չեն: Լավ գրքեր կան, բայց մի քիչ թանկ են:
Վարդան Սմբատյան, գրքի խորհրդատու - Ընտանիքներով գալիս են, արդեն ուղղորդված գիտեն, թե ինչ պետք է գնեն, ցանկով են նույնիսկ գալիս:
Խաչիկ Վարդանյանը համաձայն չէ այն մտքի հետ, որ Հայաստանում գրքերը թանկ են: Իրենք պարբերաբար վերլուծում, հարևան երկրների փորձն ուսումնասիրում, նաև հետևություններ են անում: Ըստ հրատարակչի՝ գրքի նկատմամբ պահանջարկը տարեցտարի մեր երկրում աճում է:
Խաչիկ Վարդանյան - Տեղական գրականության իրացումը դարձել է 50 և ավելի տոկոս, առաջ 30 տոկոս էր: Այդ նույն մարդիկ, որ ասում են թանկ է, նրանք գիրք գնող չեն, կարդացող չեն, որովհետև այդ մարդիկ կնստեն սրճարանում, ռեստորանում, ամեն օր մի քանի անգամ ավելի շատ փող կծախսեն և չեն ասի՝ թանկ է:
Բացի զեղչերից, Գրքի օր ու գիշերին մրցույթներ էլ կլինեն: «Ինչ կլիներ, եթե Դեզդեմոնան չկորցներ իր թաշկինակը» և «Ինչ կլիներ, եթե «Աննա Կարենինա» վեպում գնացքը հասցներ արգելակել». եթե կարողանաք այս և մի շարք այլ հարցերի սրամտորեն պատասխանել, ապա կհաղթեք ու կստանաք գրքեր, թանգարանների, կինոյի ու թատրոնի տոմսեր: