Սերբիայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեդալներն են նվաճել․ հունահռոմեական ոճի ըմբիշ, 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանն արծաթե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 1։2 հաշվով պարտվելով իրանցի Ամին Միրզազադեին։
63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր՝ ընդամենը 54 վայրկյանում 9-0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Մոլդովայի ներկայացուցիչ Կորնելիու Ռուսուի նկատմամբ։
Դավիթ Օվասապյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 2-1 հաշվով առավելության էր հասել սերբ Վլադան Զիվկովիչի նկատմամբ: Քառորդ եզրափակչում մեր ըմբիշը 2-0 հաշվով հաղթել էր շվեյցարացի մրցակցին, իսկ կիսաեզրափակչում տուշեով հաղթել էր Հունգարիայի ներկայացուցիչ Դարիուշ Վիտեկին (3-0):
Հրաչյա Պողոսյանը 1/8 եզրափակչում գերմանացի ըմբիշին 9-0 հաշվով հաղթելուց հետո քառորդ եզրափակչում 1-5 հաշվով զիջել էր Թուրքիայի ներկայացուցիչ Ահմեդ Ույարին: Վերջինս հասել էր եզրափակիչ, և Պողոսյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք էր ստացել։ Այստեղ արդեն Պողոսյանը 9-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Լեհաստանի ներկայացուցիչ Արսլանբեկ Սալիմովի նկատմամբ։
Երեկ՝ նոյեմբերի 2-ին, մրցագորգ դուրս եկած հայ ըմբիշներից մեդալային հույսերը պահպանում է միայն 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը։ Նա պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 11-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակչում Խաչատրյանը 7-6 հաշվով առավելության է հասել ուկրաինացի Անդրեյ Կուլիկի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 9-0 հաշվով պարտություն է կրել գերմանացի Իդրիս Իբաևից և կպայքարի բրոնզե մեդալի համար։
60 կգ քաշային Տիգրան Մինասյանը որակավորման փուլում գոտեմարտել է բուլղարացի Հլեբ Մակարանկայի հետ և 8-0 հաշվով հաղթանակ տարել, 1/8 եզրափակչում 8-0 հաշվով առավելության է հասել հնդիկ Վիկաս Վիկասի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 2-2 հաշվով է ավարտել Թուրքիայի ներկայացուցիչ Քերեմ Քամալի հետ գոտեմարտն ու լքել պայքարը։
67 կգ քաշային Սամվել Աղաջանյանը որակավորման փուլում մրցել է Ուկրաինայի ներկայացուցիչ Օլեքսեյ Մասիկի հետ և 0-8 հաշվով պարտություն կրել։
82 կգ քաշային Գագիկ Հակոբյանը ևս պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, սակայն պարտություն է կրել հենց մեկնարկում․ Հակոբյանը 1-5 հաշվով զիջել է ուկրաինացի Դմիտրո Գարդուբեին։
97 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտ Եղիկյանը որակավորման փուլում գոտեմարտել է իտալացի ըմբիշի հետ և 9-1 հաշվով հաղթանակ տարել։ 1/8 եզրափակչում, սակայն, Եղիկյանը 11-2 հաշվով զիջել է Բուլղարիայի ներկայացուցչին։