Գյուղական փողոցները գիշերային լուսավորության նոր համակարգի շնորհիվ այլևս մութ չեն Սյունիքի Շուռնուխ, Գեղարքունիքի Տրետուք և այլ՝ թվով մոտ 20 բնակավայրում։ Դրանցում մինչև այսօր 700 լեդ լուսատու է տեղադրվել, ու 25 կմ ցանց կառուցվել։ Աշխատանքի երկրորդ փուլի համար հիմա սկսվել է նոր համայնքների ընտրությունը, որտեղ նախատեսվում է ևս 3000 լուսատու ու 100 կմ լարային գիծ անցկացնել․․․ Ենթակառուցվածք փոխելով՝ բարելավել մարզերում ապրող մարդկանց կյանքի որակը. Solar24 նախագծի նպատակն են ներկայացնում UNDP-ի «Կայուն համայնքներ» ծրագրից։
Արման Վալեսյան (ՄԱԶԾ «Կայուն Համայնքներ» ծրագրի ղեկավար) - Մենք տեղադրում ենք ժամանակակից նոր լեդ լուսատուներ, որոնք կրճատում են ծախսը, և տրամադրում ենք պանելներ, որ 0-ացնում են համայնքի ծախսերը:
Նոր ու խնայողական գիշերվա լուսավորություն ունենալու համար գյուղերը պետք է հայտ ներկայացնեն ծրագրին։ Վերջնաժամկետը, որ նոյեմբերի 5-ն է, հավանաբար մի քիչ կերկարաձգեն՝ ասում է ծրագրի ղեկավարը, որ այս փոլում ընտրություններով զբաղված գյուղերը հասցնեն դիմել։ Հայտը տեղադրված է Կայուն համայնքների էջում, հայտարարությունների բաժնում: Լացնելը շատ հեշտ է, պետք է ուղարկել on-line։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ իրականցվող Solar24 նախագիծը Ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը, այնպես որ գյուղերին շատ քիչ փող է անհրաժեշտ լուսավորության ցանց ունենալու համար՝ համայնքապետերին հուշում, ծրագրից օգտվելու կոչ է անում Արման Վալեսյանը։
Արման Վալեսյան - Եթե տրամադրում ենք 100 լույս, դա լինում է 10 հազար դոլար։ Համաֆինանսավորումը կազմելու է 2000 դոլարի կարգի: Դա լինում է ֆինանսապես կամ աշխատավարձի միջոցով՝ կապված մեր բանակցություններից:
Ի դեպ, լեդերի հետ տրամադրվող արևային պանելները, եթե գյուղերում չեն որոշում դրանից սնուցել նաև տեղի մանկապարտեզը կամ համայնքապետարանի շենքը, ամբողջությամբ ապահովում է լուսատուների 4 ժամվա աշխատանքի էլեկտրաէներգիան։ Ստացվում է՝ համայնքը գիշերը ձրի են լուսավորում, եթե, իհարկե, խնայողության հաշվին այս փողոցներ էլ չմիացնեն։ Ծրագրին դիմել կարող են Կոտայքի, Արարատի, Արագածոտնի ու Արմավիրի բոլոր, իսկ Գեղարքունիք և Վայոց ձոր մարզերի միայն՝ սահմանամերձ գյուղերը՝ անկախ այն հանգամանքից՝ խոշորացված համայնքի մեջ են թե ոչ։
Մրցույթում հաղթող բնակավայրերի ցանկը հայտնի կդառնա մինչև տարեվերջին։ Լուսավորության ցանցի անցկացումը կսկսվի գարնանից։