Հանդիպմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետի օգնական Մանանա Գալստյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը: ՄԱԶԾ-ի նախաձեռնությամբ կայացած հանդիպման նպատակն էր հանդիպել Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին, ծանոթացնել կազմակերպության կողմից մարզում իրականացված ծրագրերին և պայմանավորվածություններ ձեռք բերել առաջիկա անելիքների շուրջ:
ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրերի ղեկավար Արման Վալեսյանը նշել է, որ Գեղարքունիքի մարզում վերջին տարիների ընթացքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են եղել մարզում տուրիզմի զարգացմանը, համայնքներում սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների կարգավորմանը, ենթակառուցվածների նորացմանը, գյուղատնտեսության ոլորտում կատարված ներդրումներին:
Իր խոսքում Արման Վալեսյանն անդրադարձել է 2020-2023 թվականներին մարզում իրականացվող «Սահմանային բնակավայրերի մասնակցային զարգացման խթանում» ծրագրին՝ նշելով, որ այն իրականացվում է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ 22 բնակավայրերում:
«Ծրագրի արժեքը Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի համար՝ մոտ 2 մլն 700 հազար դոլար է: Այն իրականացվում է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի կողմից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ և ֆինանսավորվում ՌԴ-ի կողմից: Ծրագիրը նախատեսում է աջակցել տեղական ինտեգրված զարգացմանը և նվազեցնել անհավասարությունները մարզում՝ համայնքների մասնակցության, տնտեսական հզորացման և կենսաապահովման ուժեղացման միջոցով: Աշխատանքները տարվում են անհատների, գործարարների և համայնքների հետ համագործակցված:
Նախատեսում ենք հաջորդ տարի մարզում կյանքի կոչել փոքր և միջին բիզնեսների զարգացման ծրագրեր, որոնց շրջանակներում պատրաստակամ ենք մինչև 20 հազար դոլար արժողությամբ ծրագրի դեպքում 70 տոկոս համաֆինանսավորում կատարել: Պլանավորել ենք մարզում զարկ տալ մեղվաբուծության զարգացմանը՝ մեղվափեթակների տրամադրման և ուսուցողական ծրագրերի իրականացման տեսքով, ստեղծել սերմերի վերարտադրության և լոգիստիկայի կենտրոն, որի միջոցով հնարավոր կլինի աջակցել հողագործին՝ բարձր բերքատվություն ապահովելու հարցում»,- նշել է Արման Վալեսյանը:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրերի հետկոնֆլիկտային աջակցման ծրագրի համակարգող Սուսաննա Բագրատունին խոսել է մարզում իրականացվելիք այն ծրագրերի մասին, որոնք կուղղվեն 2020 թվականին Արցախից տեղափոխվածների, ինչպես նաև մարզում բնակվող առավել խոցելի խմբերում գտնվող ընտանիքների կենսապայմանների բարելավմանը:
«Այդ ծրագրերի թվին են դասվում Արցախից տեղափոխվածների և սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային պայմանների, անասնագոմերի բարելավումը, ինչպես նաև անասնակերի, տարբեր սերմացուների տրամադրումը»,- նշել է նա:
Եզրափակելով իրենց խոսքը՝ ՄԱԶԾ ներկայացուցիչները նշել են, որ տվյալ ծրագրերը տեսանելի ապագայում ավելի հաջողված կլինեն, եթե առավել սերտացվի համագործակցությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը՝ Գեղարքունիքի մարզում նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար և հավաստիացրել, որ մարզպետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում աջակցել՝ դրանց շարունակականությունն ապահովելու համար: