Մալաթիա-Սեբաստիայում հասարակական տրանսպորտն ու տաքսիներն այսօր տեսչական մարմնի խոշորացույցի տակ էին: Փողոցի աջ և ձախ կողմերում պարեկները ստուգում էին ոչ միայն դիմակների ու ախտահանիչ միջոցների առկայությունը, այլև վարորդական փաստաթղթերը: Տեսչականից դրական միտումներ են նկատում.
Արտակ Ֆիդանյան (ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության վարչության գլխավոր մասնագետ) - Բավականին կրճատվել են խախտումները: Մասնավորապես, մեր կողմից արձանագրված խախտումները վերաբերում են վարորդների և ուղևորների կողմից դիմակ չկրելուն. դա, ըստ վերջին մեկ շաբաթվա ուսումնասիրությունների, 5-ից 6 անգամ արդեն իսկ կրճատվել են:
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտած որոշումը, ըստ որի՝ բաց տարածքներում նույնպես պետք է դիմակ կրել, տեսուչների խոսքով՝ խախտումների նվազման վրա մեծ ազդեցություն է ունեցել: Քաղաքային տրանսպորտը, մինչդեռ, շարունակում է գերբեռնված երթևեկել: Տեսուչները փաստը արձանագրում, ուղևորներին իջեցնում, արձանագրություն են կազմում.
«Դե, մի վայրկյան սպասեք:
- Ինչը «մի վայրկյան սպասեք»: Աշխատանքից ուշանումմմ եմ:
Վարորդը խախտում է թույլ տվել: Էդ մարդը ի՞նչ խախտում է թույլ տվել:
- Նստատեղից ավել ուղևորներ է տեղափոխել»:
Աշխատանքից ուշացող ուղևորին տեսչականից հիշեցնում են նաև կորոնաիրականության մասին, հորդորում մտածել նախևառաջ իրենց առողջության, հետո նաև՝ համավարակը չտարածելու մասին: Գերբեռնված երթևեկություն իրականացնելու համար մի քանի ժամում տասը արձանագրություն կազմվեց:
Բենիկ Ֆահրադյան (Պարեկային ծառայության կրտսեր պարեկ) - Նախատեսվածից ավել ուղևորներ էին, հորդորեցինք, խնդրեցինք, պահանջեցինք, որպեսզի իջնեն մեքենայից, և վարորդի նկատմամբ կկիրառվի վարչական արձանագրություն, կսահմանվի տուգանք:
Խնդիրը տեսչականում ուսումնասիրել են, պատճառների մասին լավ գիտեն: Երևանի տրանսպորտի անվտանգության բաժնի փորձագետի խոսքով՝ նոր տրանսպորտային միջոցներ համալրելու դեպքում կկարողանան խնդիրը լուծել:
Գոռ Հարությունյան (ՔՏՀԱՏՄ Երանի տրանսպորտի անվտանգության բաժնի փորձագետ) - Կան բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ, որ երթուղին շահագործելու ընթացքում իրենց երթուղուց դուրս են եկել, տրանսպորտային միջոցներ, անսարք լինելու պարագայում թե տարեթիվը լրանալու պայմաններում: Իրենք պետք է լրացնեն իրենց երթուղին ու սահմանված չվացուցակով իրականացնեն ուղևորափոխադրումներ:
Տեսչականից տնտեսվարողներին հիշեցնում են՝ իրենց նպատակը տուգանելը չէ, այլ հանրային գիտակցությունը փոխելը, որ և՛ ուղևորը, և՛ վարորդը գիտակցեն՝ վարակի տարածման ամենամեծ օջախը հանրային տրանսպորտն է: