ԱԺ պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ մարզային այցելությունների շրջանակում այցելել է Արտաշատի բժշկական կենտրոն:
«Ուզում եմ հիշեցնել, որ Արտաշատի բժշկական կենտրոնն առաջիններից է եղել, որը միացել է կորոնավիրուսի դեմ պայքարին։ Դեռ 2020 թվականի գարնանից կենտրոնը սպասարկում է քովիդ պացիենտներին և մինչ օրս մեր հազարավոր հայրենակիցներ բուժվել են այստեղ։
Տնօրեն Հայկ Համբարձումյանի ուղեկցությամբ շրջել եմ բժշկական կենտրոնի տարածքում, ծանոթացել նաև թթվածնային հզորություններին, որն աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ։ Չնայած նրան, որ թթվածնի կայանը ձեռք է բերվել անցյալ տարի և աշխատում է իր ողջ ներուժով, սակայն հազիվ է հասցնում հերիքել ներկայիս պահանջարկին և հավելյալ գազաբալոնային համակարգ է աշխատում։
Հանդիպել եմ նաև բժշկական կենտրոնի անձնակազմին։ Միասին քննարկել ենք առկա խնդիրներն ու հնարավոր լուծումները։ Պայմանավորվել ենք հետագայում ինտենսիվ համագործակցել։
Այնուհետև այցելել եմ Վեդու բժշկական կենտրոն, որը դեռ անցյալ տարվանից ամբողջությամբ ծավալված է որպես քովիդ կենտրոն։ Այն այս ընթացքում մի քանի անգամ ըստ անհրաժեշտության պրոֆիլավորվել և վերապրոֆիլավորվել է։
Այստեղ ևս շրջայց եմ կատարել, հետաքրքրվել կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտների առողջությամբ»,- ասված է Թորոսյանի գրառման մեջ։