Այսօր հանդիպել եմ Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի և Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրայթի հետ։ Այդ մասին ասված է ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանի Ֆեյսբուքի էջում:
«Շնորհակալություն հայտնելով գործընկերներիս հանդիպման նախաձեռնության համար, կրկին կարևորել եմ Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և Չեխիայի Հանրապետության ու Ֆինլանդիայի Հանրապետության կոնսորցիումի կողմից իրականացվող «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագիրը: Այն մեկնարկել է ս.թ. մարտի 4-ին։ Ծրագրի բյուջեն 1,000,000 եվրո է, ծրագրի տևողությունը՝ 24 ամիս:
Նախարարության միջազգային համագործակցության վարչության և մասնագիտական ստորաբաժանումների առաջ խնդիր է դրված առավելագույնս ներգրավված լինել գործընթացներին և աջակցություն ցուցաբերել կողմերին։
Ցավով արձանագրել եմ նաև, որ էկոհամակարգերի զարգացման առումով այնպիսի առաջատար երկիրը, ինչպիսին Ֆինլանդիան է, Շրջակա միջավայրի նախարարության հետ այլ ընթացիկ ծրագիր չունի, ինչի ուղղությամբ պետք է ջանքեր գործադրվեն, և կոնկրետ աշխատանքներ տարվեն։
Հայտնել եմ, որ ՀՀ կառավարությունը, ի մասնավորի՝ Շրջակա միջավայրի նախարարությունը, պատրաստակամ է քննարկել ամենալայն համագործակցության ձևաչափերը՝ կանաչ տեխնոլոգիաների և կանաչ տնտեսության զարգացման, ինչպես նաև էներգետիկայի վերականգնվող աղբյուրների կիրառման ոլորտում։
Ուրախ կլինենք համագործակցել և փորձի փոխանակում իրականացնել նաև բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառային ու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման բնագավառում։
Անդրադարձել եմ այս փուլում առկա բնապահպանական խնդիրներին, Շրջակա միջավայրի նախարարության ախաձեռնած օրենսդրական փոփոխություններին և այն բարեփոխումներին, որոնք հետևողականության և ոլորտը կանոնակարգելու կամքի շնորհիվ հասցրել ենք կյանքի կոչել։
Տիկին դեսպանի հետ քննարկել ենք նաև հանրության շրջանում էկոլոգիական կրթության որակի բարելավման և բնապահպանական խնդիրների շուրջ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված մեր քաղաքականությունը։
Հանդիպման ավարտին հույս եմ հայտնել, որ նման ձևաչափով հանդիպումներն ու երկկողմ ջանքերը հնարավորություն կտան շրջակա միջավայրի կառավարման ուղղություններով հետևողականորեն ամրապնդել հարաբերությունները և խորացնել համագործակցությունը»,- նշված է գրառման մեջ։