ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում գնահատել է եռակողմ պայմանավորվածությունների կատարման առաջընթացը՝ կապված առաջիկա նոյեմբերի 9-ին լրացող 1-ամյակի հետ։
«Բոլոր ուղղություններով աշխատանքները շարունակվում են։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման և ռազմական գործողությունների դադարեցման մասին երեք երկրի ղեկավարների հայտարարության ընդունման մոտեցող տարելիցը քննարկվել է նոյեմբերի 1-ին՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի, իսկ նոյեմբերի 2-ին՝ Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած զրույցներում։ Նախարարները համակարծիք էին իրենց գնահատականներում, որ վերջին մեկ տարվա ընթացքում իրավիճակը տարածաշրջանում կայունացել է, հրադադարը հիմնականում պահպանվում է»,- ընդգծել է Զախարովան։
Նա նշել է, որ Բաքվում և Երևանում բարձր են գնահատում ռուս խաղաղապահների դերը։ Առանձին միջադեպերը կարգավորվում են երկու կողմերի փոխգործակցության ուղիներով: Աշխատանք է տարվում նաև տրանսպորտային կապերն ապաշրջափակելու ուղղությամբ։
«Հոկտեմբերի 20-ին Մոսկվայում տեղի ունեցավ եռակողմ աշխատանքային խմբի 8-րդ հանդիպումը՝ երկրների փոխվարչապետների համանախագահությամբ։ Շփումները շարունակվում են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ու սահմանապահ ծառայությունների միջոցով։ Խնդրի համապարփակ լուծումը մենք տեսնում ենք նաև ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկումով՝ դրա հետագա սահմանագծմամբ։ Իհարկե, ակտիվ աշխատանք է տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով, ինչի մասին համանախագահները պարբերաբար մեզ տեղեկացնում են համապատասխան մամուլի հաղորդագրություններում»,- նշել է Զախարովան։
Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ինչ-որ նոր փաստաթղթերի ստորագրում, մամուլի քարտուղարը պատասխանել է, որ նման տեղեկություն չունի։
Զախարովան նաև նշել է, որ նոյեմբերի 29-ին տեղի կունենա տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով համատեղ հանձնաժողովի հերթական եռակողմ (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան) նիստը։