Ադրբեջանը հայտարարել է պակիստանյան «JF-17 Thunder» կործանիչներ ձեռք բերելու մտադրության մասին: Պակիստանում Ադրբեջանի ռազմական կցորդը հայտարարել է՝ դա երկկողմ օրակարգի առանցքային հարցերից է: JF-17-ը Չինաստանի և Պակիստանի համատեղ արտադրություն է, որի արժեքը 20-25 միլիոն դոլար է: Բաքուն այդ մտադրության մասին հայտարարել էր մի քանի անգամ, սակայն, համապատասխան պայմանագիր դեռ չի ստորագրվել: Ադրբեջանի հարցերով փորձագետ Էլյա Հարությունյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը ձգտում է ռազմական ոլորտում խորացնել Պակիստանի հետ գործակցությունը:
Էլյա Հարությունյան (Ադրբեջանի հարցերով փորձագետ) - Ադրբեջանը 2019 թվականին Պակիստանից գնեց Սուպեր մուշակ: 2021 թվականից նկատում ենք, որ էլ ավելի խորանում է:
44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում անցկացվել է մի քանի զորավարժություն, որոնց մասնակցել են նաև Պակիստանի զինված ուժերը, այդ թվում՝ հատուկջոկատայինները: Իսլամաբադը վերջին տարիներին սկսել է առավել սերտ գործակցել Բաքվի հետ՝ նշում է Էլյա Հարությունյանը: Բաքու-Իսլամաբադ հարաբերությունները տևական ժամանակ ուսումնասիրող մասնագետը նկատում է՝ Պակիստանը մշտապես, անկախ հանգամանքներից, հանդես է գալիս ադրբեջանամետ հայտարարություններով:
Էլյա Հարությունյան - Երկկողմ հարաբերությունները այս 30 տարում զարգացել են հակահայկական ուղղվածությամբ: Հակահայկականությունը եղել է համագործակցության առանցքներից մեկը:
Պակիստանը պաշտոնապես չի ճանաչել Հայաստանի անկախությունը, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում այն եզակի երկրներից էր, որ ուղիղ աջակցություն հայտնեց Ադրբեջանին: Տարածաշրջանում նոր ռազմական դաշինք է ձևավորվում՝ Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան: Եվ այն որոշակի վտանգ է ներկյաացնում Հայաստանի համար՝ նկատում է Էլյա Հարությունյանը:
Էլյա Հարությունյան - Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի՝ գտնելու հակազդեցություն Ադրբեջան -Պակիստան դաշնակցությանը:
Երևանն ու Նյու Դելին վերջին ամիսներին ակտիվացրել են քաղաքական շփումները: Հոկտեմբերին պատմության մեջ առաջին անգամ Հայաստան էր ժամանել Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը: