Խորհրդարանի մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2022-ի բյուջեի նախագծի քննարկումները: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն 2021-ի համեմատ նվազելու է 34.5 տոկոսով, քանի որ բազմաթիվ ծրագրեր և դրանցով նախատեսված միջոցառումներ 2022-ին իրականացնելու են այլ գերատեսչություններ: Իսկ հանրապետության նախագահի աշխատակազմի և ԱԺ-ի բյուջետային հատկացումները մնալու են գրեթե նույնը:
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն էլ տեղեկացրել է՝ 2022-ին պատգամավորները պարգևատրում չեն ստանալու, և այդ ֆոնդը նախատեսված է աշխատակազմի աշխատակիցների համար:
«Այդ պարգևատրման ֆոնդը վերաբերում է ԱԺ բոլոր աշխատողներին, բացի պատգամավորներից: Պատգամավորները չեն ստանալու պարգևատրում: Դա է պատճառը, որ վարորդները, փորձագետները, պատգամավորների օգնականները, մարդիկ, ովքեր մաքրում են այս սենյակները, տեխնիկական աշխատողները 30 տոկոս պարգևատրում կստանան»,- ասաց Պապոյանը: