ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում տեղեկացրեց, որ գրանցվել է քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը:
«Ցավով պետք է հայտնեմ, որ այսօր ունենք առաջին մահը քրեակատարողական հիմնարկում՝ կորոնավիրուսով պայմանավորված: Ճշտումներ են անում, բժշկական որոշակի թեմաներ կան: Նախնական, առերևույթ տեղեկացրին, որ կորոնավիրուսով է պայմանավորված մահը»,- ասաց Անդրեասյանը:
Արդեն միջանցքում՝ լրագրողների հետ զրույցում, Անդրեասյանն անդրադարձավ ՔԿՀ-ներում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու միջոցառումներին:
«Կանխարգելման 2 սցենար ենք քննարկում՝ առողջապահության նախարարի հրամանով որոշակի փոփոխություն այցերի, հանդիպումների, հանձնուքների մասով: Նաև կառավարության որոշման նախագիծ ենք մտածում: Ամեն օր վարակն ավելի ահագնանում է»,- ասաց Անդրեասյանը: