Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերեվարված և պատանդառված հայերին: Կառույցի պատվիրակները ծանոթացել են նրանց պահման պայմաններին, օգնել են կապ հաստատել ընտանիքի անդամների հետ:
Կարմիր խաչի ներկայացուցիչ Զառա Ամատունին «Լուրեր»-ին հայտնել է, որ կոմիտեի անդամները պարբերաբար տեսակցում են բոլոր այն անձանց, որոնց գերության փաստը պաշտոնապես հաստատված է: Բաքուն այս պահին հաստատում է 40 անձի Ադրբեջանում գտնվելու հանգամանքը:
«Անձանց տրվել է հնարավորություն՝ փոխանակվելու ընտանեկան բնույթի տեղեկություններով, լուրերով. օգտագործվել են Կարմիր խաչի նամակներ, տեսագրված ուղերձներ և հեռախոսազանգեր:
Մենք չենք կարող հրապարակել այն մարդկանց թիվը, որոնց մենք տեսակցում ենք գերեվարման ընթացքում, սակայն այդ ողջ ժամանակահատվածում կարող եմ հաստատել, որ յուրաքանչյուրի ընտանիքի հետ մենք կապի մեջ ենք»,- ասել է Զառա Ամատունին: