Դոլարն իջել է նախաճգնաժամային մակարդակի․ փոխանակման կետերում ամերիկյան արժույթն այս օրերին վաճառվում է արդեն միջինը 480 դրամով, բայց դրանից ներկրվող ապրանքն ամենևին էժան չի դառնում։ Մարդկանց զարմանք-դժգոհությանը, թե բենզինի կամ շաքարավազի գների աճը շատերը դոլարի հետ էին կապում, Կենտրոնական բանկից արձագանքում են․ թանկացումների հարցում հիմա փոխարժեքը մեծ ազդեցություն չունի։ Այժմ էլ որոշիչ գործոն են դարձել տեղական գյուղմթերքի ծավալի կրճատումը, բեռնափոխադրումների ու լոգիստիկ շղթաների խաթարումը, առաջարկը գերազանցող պահանջարկն ու միջազգային շուկաներում հումքի, սննդի թանկացումը։
Մարտին Գալստյան (ՀՀ ԿԲ նախագահ) - Շաքարավազի գները 2019 թվի համեմատ համաշխարհային շուկայում 50 տոկոսով ավել են, իսկ նավթի գները 80 դոլար մակարդակի վրա են, որը ևս լուրջ աճ է:
Միջազգային բորսաներից՝ արտաքին հատվածից եկող ազդեցությունը Հայաստանի վրա շարունակում է գնաճային մնալ՝ վերլուծում են գլխավոր դրամատանը։ Երկրի ներսում էլ, գյուղոլորտի անկման ու կորոնավիրուսի պատճառով ծառայությունների ճյուղի սպասվող դանդաղելու ֆոնին, կարծում են՝ տնտեսական ակտիվությունը կանխատեսվածից թույլ է լինելու։ Այդուհանդերձ, վերաֆինանսավորման ճշգրտման հերթական նիստում անփոփոխ են թողել ռեպո տոկոսադրույքը։ Արդյոք չափից ավելի զգուշավոր չե՞ն, որ տնտեսության բաժին փողը չթանկանա, կամ, ինչպես տնտեսագետներն են ձևակերպում՝ «չեն փորձում գնաճը զոհաբերելու հաշվին պահել տնտեսության տեմպը»՝ հարց ուղղվեց Մարտին Գալստյանին։
Մարտին Գալստյան - Չէ՛, բնավ էդ նպատակը չենք ունեցել մեր որոշման հիմքում: Մենք էս պահի դրությամբ կարող ենք մեզ թույլ տակ տոկոսադրույքը պահել նույն մակարդակի վրա։
Ի դեպ, անցած տարվա սեպտեմբերից հետո առաջին անգամ է, որ Կենտրոնական բանկը չի բարձրացնում վերաֆինանսավորումը։ Այն մինչև դեկտեմբերի կեսը կմնա աշնան սկզբին սահմանած 7,25 տոկոս մակարդակի վրա։ Մինչև տարեվերջ ֆինանսիստները դեռ մեկ հնարավորություն ունեն վերանայելու ցուցանիշը։
Մարտին Գալստյան - Եթե իրավիճակը փոխվի, ու մենք տեսնենք՝ ունենք ռիսկերի կուտակում, եթե էդ իրավիճակը փոխվի, և այլ գործոններ ի հայտ գան, ապա ԿԲ-ն չի վարանի որևէ գործողություն իրականացնելուց:
Քանի որ օրվա հանդիպումը մոնիթորինգային էր, գլխավոր դրամատան ղեկավարը գնաճից բացի թվեր չհրապարակեց, վարկերի-ավանդների ցուցանիշի ու տնտեսական աճի կանխատեսման թարմացումների չանդրադարձավ։ Ասուլիսը փակեց սպառողներին ու առողջապահական պատասխանատուներին ուղղված հորդորով՝ քովիդի դեմ պատվաստումներն արագ ու որակով ավարտել, որ կորոնավարակը տնտեսությանը շատ չխեղճացնի։