Դատական համակարգի բարեփոխումների գործընթացն ապահովելու հարցում անելիք ունի ոչ միայն գործադիրը, այլև օրենսդիրը: «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով մասնագիտական քննարկման ժամանակ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը խոսեց դատական օրենսգիրքը լրամշակելու անհրաժեշտության մասին: Արդարադատության նախարարն էլ ընդգծեց՝ նման քննարկումների միջոցով հնարավոր է անհրաժեշտ փոփոխությունները նախանշել:
Ջհանգիրյանն ընդգծեց՝ վեթինգը պետք է ներառի ամբողջ դատաիրավական համակարգը, նրանց սպասարկող բոլոր մարմինները՝ շեշտելով նաև փաստաբաների վեթինգի անհրաժեշտությունը: Ըստ Ջհանգիրյանի՝ ոչ միայն դատական, այլև իրավական մարմինների մաքրման անհրաժեշտությունը 2018-ի հեղափոխությունից առաջ ևս եղել է: Նա կոնկրետ դատական գործեր է մատնանշում:
Վեթինգի կարիք կա բոլոր ոլորտներում: «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանի կարծիքով՝ պետք է ստեղծել համակարգ, որի միջով անցնեն բոլոր ոլորտների ապագա մասնագետները: Կարևոր է նաև անցյալին իրավական գնահատական տալու գործիքակազմ մշակելը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանը նշեց՝ բարեվարքության ստուգում այս պահին իրականացվում է դատական համակարգի թեկնածուների նկատմամբ, մոտ ապագայում դատաիրավական համակարգն ամբողջությամբ կփորձեն ընդգրկել:
Գլխավոր դատախազի համար ևս այդ ինստիտուտն արդեն ներդրվել է: Բարեվարքության գործընթացը ծավալուն է: Ներառում է Գույքային դրության, կրթական-աշխատանքային գործունեության, քրեական, կարգապահական, վարչական պատասխանատվության երբևիցե ենթարկված լինելու, քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ստուգում և մեդիամոնիտորինգ՝ սոցցանցերից մինչև ԶԼՄ-երի հրապարակում:
2021 թ. հունվարից մինչև օրս 61 անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ արդեն տրամադրվել են: Դրանցից 30-ը եղել է դրական, որից 17-ը նշանակավել է, իսկ 23 վերապահումով դրական եզրակացությունից պաշտոնի նշանակվել է 7-ը:
Քննարկումից հետո Արդարադատության նախարարության առաջարկությամբ ձևավորվեց աշխատանքային 3 խումբ: Տեղում մասնագիտական նեղ քննարկումներ կայացան, որոնց ընթացքում հնչած առաջարկությունները կքննարկեն պետական համապատասխան մարմինները:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան