Հայկական ատոմային էլեկտրակայանի տուրբինային արտադրամասում անցկացվել է հրդեհաշիջման կազմակերպումը թեմայով վարժանք: Տուրբինային արտադրամասը համարվում է ՀԱԷԿ-ի ամենավտանգավոր տեղամասերից մեկը, քանի որ սարքավորումներում օգտագործվում են յուղեր, շատ են մալուխային հորանները:
Հետևաբար որևէ անսարքության կամ յուղի արտահոսքի դեպքում հնարավոր է կրակի ակնթարթային տարածում մեծ մակերեսների վրա, որը կարող է խիստ վտանգավոր լինել նաև մետաղական կառուցատարրերի համար:
Ուսումնավարժանքն իրականացվել է երկու փուլով՝ սեմինարային, այնուհետև գործնականում խաղարկվել է հրդեհի մարման աշխատանքները: Նպատակն էր ստուգել աշխատակիցների և փրկարար ծառայողների պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև գնահատել հրդեհաշիջման աշխատանքների գործողությունների պլանի արդյունավետությունը:
Վարժանքին ներկա է եղել փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, այն անցկացվել է ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար Հարություն Մխիթարյանի ղեկավարությամբ: