Աննախադեպ գնաճ կա բոլոր երկրներում՝ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու որպես թանկացման ֆունդամենտալ պատճառ նշեց համավարակը: Դիտարկումներին, որ Հայաստանում բանջարեղենի գինն այս սեզոնի համար միջինից բարձր է, էկոնոմիկայի նախարարը ռուսական շուկան մատնանշեց:
Վահան Քերոբյան, ՀՀ էկոնոմիկայի նախարար - Հայաստանը հաղորդակից անոթներով միացած է ամբողջ աշխարհին։ Օրինակ, եթե Ռուսաստանում կարտոֆիլի բերքը լավը չի լինում, դա առաջացնում է ճնշում Հայաստանում՝ համապատասխան ապրանքների վրա։ Անցած տարի Հայաստանից Ռուսաստան էր արտահանվել մի քանի հարյուր տոննա կարտոֆիլ, այս տարի 40 հազար տոննա կարտոֆիլ՝ բարձր գնով։ Բնականաբար, բարձր գնով կարտոֆիլ գնելու Ռուսաստանի մղումն ազդում է նրա վրա, որ տեղացի գյուղացիները բարձրացնում են կարտոֆիլի գինը հայկական շուկայի համար, քանի որ ունեն ընտրություն՝ վաճառել դրսում բարձր գնով։
Գնաճին անդրադարձավ նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը: Նշեց, որ իրենց տիրույթում չէ, բայց ուսումնասիրում են ներմուծվող ապրանքների շուկայում գերիշխող դեր ունեցողների գործունեությունը: Շաքարավազի շուկայում գների դինամիկա են արձանագրել: Հայաստան 2-3 ամիս առաջ ներմուծման մաքսատուրքից ազատված, քվոտավորված շաքարավազ է ներկրվել, որի արդյունքում գներն իջել են, այնուհետև բարձրացել:
Գեղամ Գևորգյան, ՄՊՀ նախագահ - Հիմա մեր ԵԱՏՄ գործընկերները նոր նախաձեռնությամբ են հանդես եկել, որ 3-րդ երկրներից ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոսադրույքով իրականացնեն մինչև դեկտեմբեր ամիս, քանի որ շաքարավազի դեֆիցիտ կա ԵԱՏՄ տարածաշրջանում, հիմնականում ՌԴ-ում՝ կապված կորոնավիրուսի հետ:
Այս պահին ուսումնասիրության թիրախում են բժշկական ծառայությունների շուկան, տաքսի ծառայությունները, Booking.com-ի միջոցով հյուրանոցների ամրագրման ծառայությունները, ինչպես նաև բենզինի շուկան: Գեղամ Գևորգյանի խոսքով՝ վառելիքի վերջին թանկացումների մասին դեռևս տվյալներ չկան: