Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 31-ին մի շարք համայնքային հանդիպումներ է ունեցել Սան Ֆրանցիսկոյում: Հանրային հանդիպման ժամանակ Արտակ Բեգլարյանը և պետնախարարի գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանը ներկայացրել են Արցախում տիրող իրավիճակը, ընթացիկ ու երկարաժամկետ հիմնախնդիրներն ու ծրագրերը:
Նրանք ընդգծել են Արցախի վերականգնման ու զարգացման գործում Սփյուռքի շարունակական ներգրավվածության անհրաժեշտությունը, որը չպետք է սահմանափակվի նյութական միջոցների տրամադրմամբ, այլ հատկապես՝ մարդկային ռեսուրսների արդյունավետ կիրառմամբ:
ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի ղեկավար Երվանդ Զորյանի նախաձեռնությամբ՝ քննարկում է տեղի ունեցել տեխնոլոգիական ոլորտում աշխատող մի խումբ հայ առաջատար մասնագետների հետ՝ Արցախի տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների շուրջ: Տեղի են ունեցել նաև մի շարք այլ առանձին հանդիպումներ ու քննարկումներ՝ կրթական ու մարդասիրական որոշ ծրագրերի վերաբերյալ: