Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին պահին չեղարկել է այցը Գլազգո և Հռոմից վերադարձել է Թուրքիա։ Նման որոշման պատճառ է դարձել այն, որ բրտանական կողմը հրաժարվել է կատարել անվտանգության հետ կապված թուրքական կողմի պահանջները։ ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին մասնակցելու է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն: Ընդդիմադիր քաղաքապետը Ստամբուլը ներկայացնելու է երկու առանձին պանելային քննարկումներում։
*****
Համաշխարհային առաջնորդները խոստացել են մինչև 2030 թվականը վերջ տալ անտառահատումներին: Նրանք համաձայնության են եղել ՄԱԿ-ի՝ կլիմայական փոփոխություններին նվիրված համաժողովի ընթացքում: Որոշում է կայացվել՝ ավելի քան 19 մլրդ դոլար հատկացնել անտառների փրկությանը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը համաձայնությունը որակել է «պատմական համաձայնագիր՝ ուղղված մոլորակի անտառների պաշտպանությանն ու վերականգնմանը»: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է, որ Միացյալ նահանգները կօգնի աշխարհին՝ իրականացնել համաձայանգրի դրույթները, այդ թվում՝ վերականգնել ավելի քան 200 միլիոն հեկտար անտառ:
*****
ԱՄՆ-ի և Թուրքիայի ներկայացուցիչների բանակցությունները F-35 կործանիչների արտադրության ծրագրից Անկարայի դուրսբերման վերաբերյալ «պրոֆեսիոնալ էին», Վաշինգտոնը ցանկանում է շարունակել ռազմական համագործակցությունը՝ հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղարը: «Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր կարևոր դաշնակիցն է, որի հետ մենք շատ ընդհանուր շահեր ունենք և ցանկանում ենք այսուհետ ևս վստահ լինել, որ դաշինքի շրջանակներում կկարողանանք շարունակել աշխատել Թուրքիայի հետ անվտանգության ոլորտում ընդհանուր շահերի ուղղությամբ»,- ընդգծել է Քիրբին: Նա հավելել է, որ Անկարայի դուրսբերումը F-35-երի արտադրության ծրագրից չի նշանակում, որ «ԱՄՆ-ը չի շարունակելու երկկողմ մակարդակում Թուրքիայի հետ սերտ համագործակցության ուղիներ փնտրել»: Կողմերի միջև հաջորդ քննարկումները տեղի կունենան առաջիկա ամիսներին՝ Վաշինգտոնում:
*****
Միացյալ նահանգներում կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում է ստացել չափահաս բնակչության 70 տոկոսը. ներարկման առաջին դեղաչափն ստացել է բնակչության 80 տոկոսը: Սպիտակ տնից հայտնել են, որ 5-ից մինչև 11 տարեկան երեխաներին պատվաստելու ուղղությամբ աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 8-ից այն պայմանով, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները հաստատեն երեխաների պատվաստման որոշումը: Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ վարչակազմը բավարար քանակությամբ Pfizer պատվաստանյութ Է գնել 28 միլիոն երեխայի պատվաստելու համար:
*****
Մոսկվայում ավելի քան 200 չվերթ է հետաձգվել մառախուղի պատճառով։ Տեսանելիության խնդիրը կաթվածահար է արել նաև երթևեկությունը: Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին հորդորել է վարել նվազեցված արագությամբ, հետևել կողային միջակայքին և չմոռանալ միացնել հակամառախուղային լուսարձակները։
*****
Հուժկու պայթյուններ են տեղի ունեցել Քաբուլի կենտրոնական մասում՝ հիվանդանոցի շենքի մոտ: Լրատվամիջոցները հայտնում են, որ ահաբեկիչները կրակ են բացել թալիբների ուղղությամբ։ Նախնական տվյալով՝ 15 մարդ զոհվել է, ավելի քան 35 հոգի վիրավոր է: Հարձակումն իրականացրել է «Իսլամական պետության» մահապարտը: Հիվանդանոցը, որի մոտ տեղի է ունեցել ահաբեկչությունը, պատկանում Է Աֆղանստանի պաշտպանության նախարարությանը: