«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակում վերականգնվել է Հ-46-Խոտ կմ0+000–կմ1+963 (մոտ 2կմ) ճանապարհահատվածը։
Ճանապարհը սկսվում է Հ-46, Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Շինուհայր բնակավայրի սկզբնամասից, անցնում Խոտ բնակավայրի կենտրոնական փողոցով և հասնում մինչև դպրոցի մուտքը:
Մինչև վերականգնումը ճանապարհահատվածի հողային պաստառը և իջատեղերը գտնվում էին անբարեկարգ վիճակում, ճանապարհի բնահողային ծածկի վրա առկա էին տարբեր խորությամբ ջրափոսեր, ինչն էլ անանցանելի էր դարձրել երթևեկությունը: Հողային պաստառի պարամետրերը չէին համապատասխանում նորմատիվային պահանջներին: Բացակայում էին ջրահեռացման համակարգը, անվտանգության տարրերը:
Նորոգման արդյունքում վերականգնվել է հողային պաստառը, կառուցվել են կողային առուներ, կողնակներ, վերականգնվել են ճանապարհային հագուստը, ջրահեռացման համակարգը, բարեկարգվել է Խոտ բնակավայրի դպրոց տանող մուտքը՝ իր հարակից տարածքով, կատարվել են նաև այլ աշխատանքներ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը կատարված շինարարական աշխատանքներն ամփոփեց տեղում:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ծրագրերի կառավարման և գնումների դեպարտամենտի պետ Նարեկ Զուլալյանը Խոտի բնակիչների հետ զրույցում հույս հայտնեց, որ ճանապարհի նորոգումը ոչ միայն կապահովի հասանելիությունը շուկաներին ու հիմնական ճանապարհներին, այլև կնպաստի գյուղի զարգացմանը՝ նոր հնարավորություններ ստեղծելով բնակիչների ու համայնքի համար։
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի և Կառավարության կողմից։