Գուրգեն Հակոբյան (Հրազդան քաղաքի տարածքային զարգացման, հողային կադաստրի և գյուղատնտեսության բաժնի պետ) - Արդեն անանցանելի էր դարձել, ուղղակի հնարավոր չէր այս ճանապարհով անցուդարձը, դրա համար հրատապ էր:
Հրազդանում ոչ միայն սուբվենցիոն ծրագրով են ճանապարհներ նորոգում, այլև Կառավարության հրատապ ծրագրով վերջին 30 տարում ներհամայնքային ու բակային քանդված ու ավերված ճանապարհներին ասֆալտբետոնե նոր ծածկ են ապահովում:
Գուրգեն Հակոբյան - Հրատապ ծրագրով, որը նոր ենք սկսել, ունենք մոտ 3.5 կմ ճանապարհ, որոնք բաշխված են Միկրոշրջան, Ջրառատ և Կոճոռ թաղամասում: Այս փողոցն անցած տարի հրատապ ծրագրով կիսատ էր մնացել: Այս տարի մոտ 720 գծամետր ասֆալտապատում արդեն սկսել ենք:
Ընդհանուր առմամբ՝ վերանորոգվող ճանապարհների ընդհանուր երկարությունը շուրջ 13 կմ է:
Սերյոժա Մկրտչյան (շինաշխատանքներն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչ) - Ճանապարհը գտնվում էր անանցանելի վիճակում, իրականում երևում են փոսերը:
Խոսքը վերանորոգվող Շահումյան փողոցի մասին է: Նախորդ տարի եղանակային պայմանների պատճառով գործը կիսատ էր մնացել, հիմա ավարտում են:
Սերյոժա Մկրտչյան - Հիմնական նորոգում ենք իրականացնում, ծածկը հանում ենք 33 սմ, նոր շերտ ենք սարքում, 10 սմ՝ ավազակոպիճ, 15 սմ՝ խիճ, 6 սմ՝ խոշորահատիկ ասֆալտ բետոն, 4 սմ՝ մանրահատիկ ասֆալտբետոնի ծածկ:
Փողոցում 70-ականներից մինչ օրս կատարվել են միայն փոսային նորոգման աշխատանքներ, երթևեկելի հատվածն ու մայթերը անմխիթար վիճակում էին: Իրենց կատարած աշխատանքի որակի գնահատականը ժամանակը կտա՝ նշում է շինաշխատանքներն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչը:
Սերյոժա Մկրտչյան - Մեր քաղաքն ա, մեր համայնքն ա, մենք Հրազդանի բնակիչ ենք, շահագրգռված ենք, որ որակը 100-տոկոսանոց լինի:
Հրազդանում հիմնանորոգման կարիք ունեցող ներհամայնքային ճանապարհները քիչ չեն: Պետության ու համայնքի միջոցներով դրանք հերթով բարեկարգում են: Շահումյան փողոցի վերանորոգման պայմանագրային արժեքը շուրջ 144 մլն դրամ է: