Անցումային արդարադատության, բարեվարքության խնդիրների ու վեթինգ իրականացնելու իրավական հնարավորությունների վերաբերյալ մասնագիտական քննարկում է այսօր տեղի ունեցել Երևանում՝ հինգ տասնյակը գերազանցող շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։
Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիչե-Տոլոչկիենեն, Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, Գլխավոր դատախազության ներկայացուցիչ, ինչպես նաև ներկայացուցիչներ՝ Եվրոպական միության հայաստանյան գրասենյակից, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակից ու ԵԱՀԿ տեղական ծրագրի համակարգողը։ Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, իրավաբան-գիտնականներ, իրավաբանական ընկերությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, այլք։
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նման բազմակողմ ներկայացվածությունը պայմանավորել է վեթինգի, դատական բարեփոխումների թեմայի արդիականությամբ և ընդգծել, որ հանդիպման նպատակը մոտ 3 տարի «չարչրկված» քննարկմանը՝ «ինչպե՞ս և ե՞րբ պետք է վեթինգ լինի Հայաստանում», վերջակետ դնելն է: «Մասնագետների մի խումբ գտնում է, որ ներկայիս Սահմանադրությունը թույլ է տալիս իրականացնել վեթինգ առանձին օրենքով, առանձին մեխանիզմով, իսկ մեկ այլ խումբ գտնում է, որ ներկայիս Սահմանադրությամբ դա իրականացնելն անհնար է։ Այսօր քննարկելու ենք նաև անցումային արդարադատության իրագործման ու դատավորների բարեվարքության ստուգման համար ավելի մեծ ժամանակահատված դիտարկելու հնարավորությունները»,- նշել է Կարեն Անդրեասյանն ու հույս հայտնել այդ հարցերի պատասխանները ստանալ քննարկման ամփոփման ժամանակ՝ հանրությանն ի վերջո ասելու համար՝ «վեթինգ լինելու է Սահմանադրության բարեփոխումներից առա՞ջ, թե՞՝ հետո»: Այդ համատեքստում արդարադատության նախարարը շեշտել է, վեթինգ արդեն սկսվել է Բարձրագույն դատական խորհրդի ներկայիս կազմի բացարձակ օբյեկտիվ աշխատանքի շնորհիվ: «Ես շարունակում եմ հավատալ, որ վեթինգի գործընթացը սկսված է, իրագործվում է, դրա արդյունքները մենք օր օրի տեսնում եք, բայց նաև միասին պետք է հասկանանք, արդյո՞ք մեզ պետք է վեթինգ իրականացնող առանձին օրենսդրական մեխանիզմ»,- եզրափակել է Կարեն Անդրեասյանը:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն իր գոհունակությունն է հայտնել խորհրդի գործունեությանը տրված գնահատականի համար և ընդգծել, որ ԲԴԽ-ն խնդիրը տեսնում է ոչ միայն կոնկրետ դատավորների պատժելու կամ չպատժելու տիրույթում, այլ ցանկանում է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք կարող են կանխարգելիչ նշանակություն ունենալ ապագայում՝ հնարավոր խախտումների համար։ «Այդ առումով, կարծում եմ, մեր որոշումները որոշ չափով, եթե կարելի է այդ բառն օգտագործել, նախադեպային տրամադրությամբ են գնում»,- ընդգծել է Գագիկ Ջհանգիրյանը։
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը բարձր է գնահատել դատական համակարգի վերաբերմունքի փոփոխությունը վեթինգի գաղափարի նկատմամբ՝ ընդգծելով, որ այն դիտարկվում է հանրային շահից բխող առաջնահերթություն։
«Մենք՝ հասարակական կազմակերպություններս, շարունակում ենք հավատալ և հուսալ, որ իդեալիստական ցանկություններն ու պատկերացումներն այս գործընթացի վերաբերյալ համակարգային ձևով կդառնան իրականություն»,- նշել է Դավիթ Ամիրյանը։
Մասնագիտական քննարկման ժամանակ զեկույցներով են հանդես եկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանը, Գլխավոր դատախազության Կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը, համապատասխանաբար՝ «Բարեվարքության ստուգում. ձեռքբերումներ և բարելավման հեռանկարներ», «Բարեվարքության ուսումնասիրությունը դատախազությունում», «Վեթինգի իրականացման հնարավոր հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» և «Անցումային արդարադատություն» թեմաներով։
Այնուհետև, մասնագիտական քննարկման ժամանակ ձևավորվել են երեք աշխատանքային խմբեր՝ անցումային արդարադատության, բարեվարքության խնդիրների ու վեթինգի իրավական հնարավորությունների վերաբերյալ։
Ամփոփելով խմբային քննարկումները՝ առաջարկվեց․
-
Անցումային արդարադատության բաղադրիչ ոչ թե դիտարկել մեկուսացված, այլ ընդհանուր՝ վեթինգին զուգահեռ։
-
Հանրության հետ պետք է տարվի նախապատրաստական աշխատանք՝ պատկերացում ունենալու համար, թե ի՞նչ մանդատ է ունենալու Ճշմարտության հանձնաժողովը, ինչ գործառույթ է իրականացնելու, որպեսզի դրանով նաև համագործակցության հնարավորություններ բացվի հանրության հետ:
-
Բարեվարքության գնահատման, հոգեբանական թեստավորման ենթակա պետք է լինեն ոչ միայն դատավորները, այլ նաև դատախազները, քննիչները:
-
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը՝ անձին պաշտոնի նշանակելիս, խորհրդատվական բնույթից պետք է փոխվի, պետք է զարգացնել մշակույթը սահմանադրական մարմինների միջև փոխադարձ որոշումների ընդունման:
-
Ողջամիտ է գործող Սահմանադրության շրջանակներում վեթինգ իրականացնելը, թեև չի բացառվում նաև դրան զուգահեռ Սահմանադրության բարեփոխումների շրջանակում փոփոխությունների նախատեսումը: Գործող Սահմանադրության պայմաններում լրացուցիչ անհամատեղելիության պայմաններ սահմանելու դեպքում հնարավոր է իրականացնել այս գործընթացը՝ օրենսդրական բազա ստեղծելու միջոցով: Այն հնարավոր է անկախ պետական մարմին ստեղծելու միջոցով․ պետք է նախատեսել անկախության երաշխիքներ, մարմնի ձևավորումը պետք է լինի Ազգային Ժողովի կողմից, կազմված լինի հանրության շրջանում հեղինակություն ունեցող իրավաբաններից, իրավապաշտպաններից, քաղհասարակության ներկայացուցիչներից: Հանձնաժողովը պետք է, ըստ էության, իրականացնի օրենքով սահմանված չափանիշների հիման վրա համընդհանուր ստուգման գործընթաց, հանդես գա խորհրդատվությամբ և այն ներկայացնի ԲԴԽ-ին: Միջնորդությունների քննությունը պետք է իրականացվի դռնբաց նիստի միջոցով՝ ԶԼՄ-ի լայն ներգրավվածությամբ և այլն։