Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները:
Կադաստրի պետական կոմիտեն գալիք տարում իրականացնելու է 1 ծրագիր՝ 7 միջոցառումներով: 2022-ին կառույցին նախատեսվում է հատկացնել 4 մլրդ 997 մլն դրամ՝ 2021-ին հաստատված 4 մլրդ 645 մլնի դիմաց, աճը կազմում է 352 մլն կամ 7,6 տոկոս:
Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հայտնել է, որ գալիք տարում կառույցն իրականացնելու է «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացումը» ծրագիրը:
Հատկացվելիք 4 մլրդ 997 մլն դրամից 1 մլրդ 210 միլիոնն ուղղվելու է կապիտալ ծախսերին: Մնացած գումարները կօգտագործվեն կառույցի պահպանման նպատակով:
Սուրեն Թովմասյանը նշել է, որ կոմիտեն 2022-ին նախատեսում է զարգացնել էլեկտրոնային ծառայությունների մատուցումն ու հանրային իրազեկումը: Ընթացիկ տարում կոմիտեն ստացել է շուրջ 60000 էլեկտրոնային դիմում: