Մեզ շատ է անհանգստացնում գնաճը, որը, իհարկե, համաշխարհային երևույթ է. աննախադեպ գնաճ կա բոլոր երկրներում՝ Ռուսաստանում, Ամերիկայում, Եվրոպայում, Չինաստանում, և դա արդեն մի քանի անգամ ասել եմ՝ հիմնված է այն բանի վրա, որ ամբողջ աշխարհում քովիդի ժամանակ «հանգցվեցին» գործարանները, և հիմա, երբ պահանջարկը վերականգնվել է, պարզ է, որ լոգիստիկ շղթաները նույն արագությամբ չեն կարողանում վերականգնվել, և աշխարհում հիմա բազմաթիվ ապրանքների գծով կա խոր խզում պահանջարկի և առաջարկի միջև. առաջարկն ավելի քիչ է, քան պահանջարկը: Այդ մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Հայաստանը հաղորդակից անոթներով միացած է ամբողջ աշխարհի հետ, և եթե Ռուսաստանում կարտոֆիլի բերքը լավը չի լինում, դա առաջացնում է ճնշում նաև Հայաստանում համապատասխան ապրանքների վրա»,- ասաց նա՝ նշելով, որ անցած տարի Հայաստանից ՌԴ արտահանվել էր մի քանի հարյուր տոննա կարտոֆիլ, իսկ այս տարի 40 հազար տոննա կարտոֆիլ՝ բարձր գնով:
«Բնականաբար այդ բարձր գնով կարտոֆիլ գնելու ՌԴ-ի մղումը և ՌԴ-ի մտադրությունն ազդում է նրա վրա, որ տեղացի գյուղացիները բարձրացնում են կարտոֆիլի գինը հայկական շուկայի համար, որովհետև ունեն ընտրություն՝ վաճառելու դրսում բարձր գնով: Մենք այդ ընտրությունը չենք սահմանափակում»,- ասաց Քերոբյանը:
Նախարարը հայտնեց, որ իր տեղակալը գտնվում է Ուկրաինայում և գնացել է այնտեղ, ինտենսիվ բանակցություններ է վարում, որպեսզի ֆյուչերսային պայմանագրերի միջոցով կարողանան ամրագրել հնարավորինս ցածր գին հիմնական հումքային սննդամթերքների համար՝ ապագայում գնաճը զսպելու նպատակով:
«Գնաճը «ներկրված» է, որովհետև 90 տոկոսով վերաբերում է այն ապրանքներին, որոնք ներմուծված են, իսկ 10 տոկոսով էլ այն ապրանքներին, որոնց գինը դրսի շուկաներում բարձրացել է, և տեղական շուկայում էլ գները զուգահեռ բարձրացել են: Այս պարագայում այն գործիքակազմը, որն ունի ԿԲ-ն, խիստ անբավարար է, որպեսզի հնարավոր լինի պայքարել գնաճի դեմ: Թեև մեր ուղիղ գործառույթը չէ պայքարել գնաճի դեմ, բայց գործընկերներին ամեն կերպ փորձում ենք օգնել՝ նաև հասկանալով, թե լոգիստիկ ինչ խնդիրներ պետք է լուծենք, ապրանքների գնման համար բանակցենք՝ օգտագործելով պետության լծակները, որպեսզի մեր տնտեսվարողներին տանք էժան գնով ապրանքներ էժան Հայաստան բերելու հնարավորություն»,- նշեց Քերոբյանը: