Ադրբեջանական հենակետերը շրջանցող նոր՝ Տաթև-Աղվանի ավտոճանապարհը գրեթե պատրաստ է, եթե եղանակը չխանգարի, այս շաբաթ էլ կհանձնեն՝ այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց տարածքային կառավարման նախարարը: Վերջին տվյալով՝ ըստ Սանոսյանի, ընդամենը 1 կմ է մնացել ասֆալտապատելու:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Բեռնատարների համար անցանելի է, ընդ որում՝ բոլոր տիպի, ընդ որում՝ քարշակով, բաց որոշակի դժվարություններ կան Տաթևի ձորում, որտեղ երեք ոլորան կա, այնտեղ դժվարությամբ են մեծ բեռնատարները բարձրանում, բայց կարող են անցնել:
Իսկ որ մեծ բեռնատարներն առանց դժվարության ու առանց շրջադարձերի երթևեկեն, զուգահեռ մեկ այլ ճանապարհ է կառուցվում՝ Տաթև-Լծենը: 19 կմ հատվածում երկու ընկերություն երկու ծայրերից աշխատում են, որ դաշտամիջյան ճանապարհի գոնե գրունտային մասն այս տարի պատրաստի լինի, ասֆալտն էլ մնա 2022-ին:
Գնել Սանոսյան - Դա կառուցվում է, որ բեռնատարները ոլորաններով չիջնեն Տաթևի ձոր, այլ մյուս կողմից ավելի կարճ դուրս գան դեպի Սիսիան:
Սանոսյանն ասաց՝ 20 օր առաջ է Կապանում եղել, գնացել է Տաթև-Աղվանիով, հետ է եկել Գորիս-Կապան՝ Մ2 միջպետական ճանապարհով: Այն, որ Սյունիքում հիմա այլընտրանքային ճանապարհներ են կառուցվում, չի նշանակում, թե կառավարությունը հրաժարվում է Մ2-ից՝ շեշտեց նախարարը:
Գնել Սանոսյան - Մենք այդ ճանապարհից ձեռք չենք քաշելու, այդ ճանապարհը մերն է, բացառությամբ երկու հատվածի, որտեղ վիճակվող է, այսինքն՝ դեռ դելիմիտացիա, դեմարկացիա երևույթը ցույց կտա, դա այդպե՞ս է, թե՞ չէ:
Որ Մ2-ի հետ կապված այլևս խնդիրներ չունենանք, ու միջպետական ճանապարհը մշտապես օգտագործվի, Սանոսյանի խոսքով՝ հիմա այլընտրանքային ուղիներ են փնտրում նաև Գորիս-Կապանի այդ երկու վիճարկվող ոլորաններին:
Գնել Սանոսյան - Այդ տարածքներում բարդ ռելիեֆ է, ու հիմա ուսումնասիրման աշխատանքներ են իրականացվում: Դա հեշտ գործ չէ ու արագ չէ, դրա համար Տաթև- Աղվանին կառուցեցին ու նաև դեպի Շուռնուխ, Որոտան առանձին գնացող ճանապարհների վրա հիմա շինարարներն աշխատում են:
ՍԱՆՈՍՅԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀՍՏԱԿԵՑՈՒՄԸ
Սանոսյանը սահմանների հստակեցման անհրաժեշտություն է տեսնում, խորհուրդ տալիս՝ չվախենալ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներից:
Գնել Սանոսյան - Նույնիսկ եթե մեկ երկու տեղով էլ կարող է ինչ-որ ցավոտ բան լիենել, ավելի լավ է էդ ցավոտ խնդիրը ֆիքսել, նկատի ունենալ, որ սա է մեր սահմանները, քան անընդհատ ամեն օր ինչ-որ միջադեպեր ունենալ և այդ միջադեպերով զբաղվել: Կարծում եմ, որ պետք է արձանագրենք մեր սահմանները ու զարգանանք դրա մեջ:
Եթե սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներում հիմք ընդունվեն Խորհրդային Միության 20-ականների քարտեզները, ապա, ըստ դրանց՝ Ադրբեջանը պետք է նահանջի Ալ լճերի տարածքից՝ ասաց Սանոսյանը: Մասնագիտությամբ աշխարհագրագետ նախարարի խոսքով՝ Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում գտնվող Մեծ և Փոքր Ալ լճերը, ըստ այդ քարտեզների, հայկական են:
Գնել Սանոսյան - 20-ականների քարտեզում, կարծում եմ՝ բավական փոփոխություններ կան, դե մեկը՝ Ալ լճերի մասով, կարծում եմ՝ հօգուտ մեզ, որովհետև, ինչքան ես գիտեմ՝ մինչև 20-ականների վերջ բոլոր քարտեզներում, Ալ լճերը նշված են որպես հայկական տարածք:
Նախարարն առաջարկում է սպասել՝ մինչև բուն գործընթացը մեկնարկի, նախ պետք է որոշվեն իրավական հիմք ունեցող քարտեզները: