Այսօր՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունն ամփոփել է հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները:
Զեկույցներով են հանդես եկել ԱԻՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արմենուհի Գրիգորյանը, «Տեխնիկական անվտանգության ազգայի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, Պետական ռեզերվների գրասենյակի ղեկավար Հրաչյա Երեմյանը, Աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության պետ Արմեն Կարապետյանը: Նույն վարչության քաղաքականության մշակման բաժնի պետ Արա Ասլանյանը ներկայացրել է արտակարգ իրավիճակների նախարարության և Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի միջև ստեղծված համագործակցությունը:
Խարտիան աշխարհի տարբեր երկրների տիեզերական գործունեություն իրականացնող գործակալությունների և կազմակերպությունների միջև համաձայնություն է, որն աղետների ժամանակ արձագանքման գործողություններին աջակցելու նպատակով պետությունների համապատասխան մարմիններին արբանյակային տեղեկատվության անհատույց հասանելիություն է ապահովում (բարձր լուծաչափի լուսանկարներ, քարտեզներ և այլն):
Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիան հիմնադրվել է 1999 թ., փաստացի գործունեությունը սկսել է 2000 թ. նոյեմբերի 1-ից: Այն ներկայումս ունի 17 անդամներ (ԱՄՆ, Կանադա, Ճապոնիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հնդկաստան, Չինաստան, Բրազիլիա և այլն), 19 աջակցող կազմակերպություններ, 61 արբանյակներ, ավելի քան 50 տարվա տեղեկատվական բազա, առ այսօր իրականացրել է 734 ակտիվացումներ 129 երկրների համար:
Լիազորված օգտատեր դառնալու խնդրանքով՝ ԱԻ նախարարը 2020 թ. դեկտեմբերի 29-ին դիմել էր Խարտիային: Խարտիայի լիազորված օգտատեր լինելը ԱԻՆ-ին մի շարք հնարավորություններ է տալիս. օրինակ՝ աղետի կամ արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքում ուղղակիորեն դիմել Խարտիային՝ արձագանքման գործընթացներին աջակցության համար, ինչպես նաև տեղեկատվություն ստանալ և փոխանցել դրանց անհրաժեշտությունն ունեցող այլ օգտատերերի, որոնք ներգրավված կլինեն տվյալ աղետին արձագանքման գործընթացներում (ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն, առողջապահության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, կրթության և գիտության նախարարություններ և այլն):
Խորհրդակցության ավարտին ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը Պետական ռեզերվների ստեղծման 90-ամյակի առթիվ, ինչպես նաև երկարամյա ակտիվ համագործակցություն ցուցաբերելու համար «Համագործակցություն հանուն փրկության» մեդալներ է հանձնել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին, Պետական ռեզերվների գրասենյակի ղեկավար Հրաչյա Երեմյանին, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին, «Գրեյն Միլլ» ՍՊԸ ցորենի նյութական պատասխանատու Իվան Մոսոյանին, «Անուշ լինի» ՍՊԸ փոխտնօրեն Լիանա Պիտինյանին: Նախարարը շնորհավորել է պարգևատրվածներին՝ ընդգծելով Պետական ռեզերվների գործունեության կարևորությունը և իրականացվող հայրենանվեր աշխատանքը: