Հողային օրենսդրության պահանջների խախման 3 տասնյակից ավելի դեպք՝ Քասախ համայնքում: Դրանցից 12-ի դեպքում գյուղատնտեսական նշանակության հողերը ինքնակամ կառուցապատվել են. պարզել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:
Ելենա Զոհրաբյան (ՔՏՀԱՏՄ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ) - Հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ղեկավարը պետք է վերահսկողություն իրականացնի նախ՝ համայնքում հողերը ըստ նպատակային նշանակության օգտագործելու նկատմամբ, երկրորդ՝ երբ տեսնում է ապօրինություններ՝ կառուցապատման դեպքեր, օտարման այլ խախտումներ, պետք է օրենքով սահմանված կարգով կիրառի կա՛մ վարչական պատասխանատվության միջոցներ, կա՛մ կասեցնի ապօրինությունները, այնուհետև հաղորդում ներկայացնի իրավասու մարմիններին:
Համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը այս ամենը չի իրականացրել, ավելին՝ ընդերքօգտագործման նշանակության հողամասը վարձակալությամբ տրվել է բջջային կապի օպերատորներից մեկին՝ կապի աշտարակ տեղադրելու նպատակով: Սա ևս կատարվել է առանց հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու: Երկրորդ տարածված խախտումը համայնքում ձևական կազմակերպված մրցույթներն են՝ մանրամասնում է Ելենա Զոհրաբյանը, ինչի հետևանքով, օրինակ՝ Քասախ համայնքին պատկանող կանաչ գոտուց մի հատված ապօրինաբար օտարվել է համայնքապետի որդուն:
Ելենա Զոհրաբյան - Հրավիրվել է աճուրդ, աճուրդին երկու մասնակից է եղել, երկուսն էլ չեն մասնակցել, և անհայտ հանգամանքներում և անհայտ հիմքով որոշվել է, որ տվյալ հողամասը օտարվում է իր որդուն՝ Հայկ Մկրտչյանին: 3 դեպքով այդպիսի խախտում է թույլ տրվել: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից հիմնավոր կասկած է առաջ քաշվում, որ իրականում ի սկզբանե նպատակ են հետապնդել նախապես որոշված անձանց հողամասեր օտարելուն:
Ըստ տեսչականի ուսումնասիրության՝ մի քանի դեպքերում էլ համայնքի ղեկավարին և իր ընտանիքին պատկանող հողամասում շինություն կառուցելու ճարտարապետահատակագծային առաջադրանքներ էին տրվել՝ հողամասի առկա վիճակը գրանցելով որպես հարթ ռելիեֆ և նկուղ, սակայն տվյալ պահին նկուղի փոխարեն հողամասի վրա արդեն կիսակառույց շինություն է կանգնեցված եղել:
Ելենա Զոհրաբյան - Տվյալ դեպքում գործում է օրենքով և նորմատիվ այլ իրավական ակտերով սահմանված քաղաքաշինական և բնապահպանական այլ բնույթի սահմանափակումներ, այնտեղ կա գոտիավորման խնդիր, կան մի քանի կետեր, որ տվյալ հողամասի դեպքում կարող է չբավարարեին, և այն չհամարվեր օտարման ենթակա հողակտոր:
Խախտումներից 10-ով վարչական տույժ է նշանակվել, մյուս դեպքերը քրեական հետապնդում են ենթադրում, նյութերն ուղարկվել են իրավասու մարմիններ: Ելենա Զոհրաբյանի պնդմամբ՝ համայնքապետ Արա Մկրտչյանը վարչական իրավախախտումների դեպքերով իր մեղքն ընդունել է: