Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որտեղ պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները:
Հայաստանի հավաքականի կազմում մրցումային առաջին օրը հաջող է հանդես եկել ու եզրափակչի ուղեգիր է նվաճել 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը:
Օվասափյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 2:1 հաշվով առավելության է հասել սերբ Վլադան Զիվկովիչի նկատմամբ: Քառորդ եզրափակչում մեր ըմբիշը 2-0 հաշվով հաղթել է շվեյցարացի մրցակցին, իսկ կիսաեզրափակչում տուշեով հաղթել է Հունգարիայի ներկայացուցիչ Դարիուշ Վիտեկին (3:0): Եզրափակչում Օվասափյանը կգոտեմարտի իրանցի Ամին Միրզազադեհի հետ:
Մեդալային հույսեր է պահպանում նաև 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը: 1/8 եզրափակչում գերմանացի ըմբիշին 9:0 հաշվով հաղթելուց հետո Պողոսյանը քառորդ եզրափակչում 1:5 հաշվով զիջել է Թուրքիայի ներկայացուցիչ Ահմեդ Ույարին: Վերջինս հասել է եզրափակիչ, և Պողոսյանը սփոփիչ գոտեմարտում 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցիչ Արսլանբեկ Սալիմովի նկատմամբ և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացել:
Հայաստանի ներկայացուցիչներից Աշոտ Մխիթարյանը (55 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ) պարտություն են կրել և լքել պայքարը:
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, մրցագորգ դուրս կգան 60, 67, 72, 82 և 97 կգ քաշային կարգերի ըմբիշները։ 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը պայքարը կսկսի որակավորման փուլից և կգոտեմարտի բուլղարացի Հլեբ Մակարանկայի հետ, 67 կգ քաշային Սամվել Աղաջանյանը որակավորման փուլում կմրցի Ուկրաինայի ներկայացուցչի հետ, 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կգոտեմարտի Ուզբեկստանի ներկայացուցչի հետ, 82 կգ քաշային Գագիկ Հակոբյանը ևս պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կգոտեմարտի կա՛մ լիտվացի, կա՛մ ուկրաինացի ըմբիշի հետ, իսկ 97 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտ Եղիկյանը որակավորման փուլում կգոտեմարտի իտալացի ըմբիշի հետ: