Ֆրանսիան կարծում է, որ կարևոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հստակ սահմանազատմանն ու սահմանագծմանը: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն «Արմենպրեսին» տված հարցազրույցում:
«Մենք, ինչպես նաև միջազգային հանրությունը կոչ ենք անում, որ այս գործընթացները տեղի ունենան խաղաղ ճանապարհով: Ակնհայտ է, որ խաղաղ միջավայրի հաստատումը թույլ կտա սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների ավելի արագ իրականացում: Եվ, բնականաբար, սա է իմ ցանկությունն այս հարցի շուրջ»,- նշել է դեսպանը:
Լույոն նաև ընդգծել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան այցելելու ծրագիր ունի, սակայն այս առայժմ այցի ժամկետները հստակ չեն: